Ախուրյանցի անօթեւաններն այս տարի էլ բնակարանամուտ չեն տոնի: Համայնքում իրականացվող շինաշխատանքները, որի շրջանակներում նախատեսված է կառուցել 3 բազմաբնկարան շենք, շահագործման կհանձնվի միայն հաջորդ տարի: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը: Նա հավաստել է, որ ներկայումս  Ախուրյանի նորակառույցներում ընթանում են երկաթբետոնե կոնստրուկցիաների միացման աշխատանքները:

Կառուցվող շենքերն ամբողջությամբ, ըստ համայքի ղեկավարի, չեն լուծելու անօթեւանության խնդիրը Ախուրյան համայնքում: Սա համայնքում իրականացվող պետական բնակարանաշինության առաջին փուլն է, որն ամբողջությամբ չի լուծի 23 տարի բնակարան սպասող անօթեւանների բնակարանային խնդիրը: Գյուղապետի հաշվարկներով՝ մոտ 40 ընտանիք դուրս է մնացել ծրագրից: Վերջիններիս խնդիրը հնարավոր  է լուծվի բնակարանի գնման վկայագրերի միջոցով: