Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին The Washington Post պարբերականի հարցազրույցում պատմել է ԱՄՆ արձագանքի մասին ռուսական նավթավերամշակման գործարաններին հասցված ուկրաինական հարվածների վերաբերյալ։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Կիեւի բոլոր գրոհները եղել են Ռուսաստանի գրոհների պատասխանը։
«ԱՄՆ արձագանքը դրական էր»,- հաստատել է նա՝ նշելով, որ Վաշինգտոնը չի կարողացել սահմանափակել Ուկրաինայի կողմից սեփական զենքի կիրառումը։
«Մենք օգտագործել ենք մեր զինամթերքները։ Ոչ ոք չի կարող ասել մեզ, որ դա անել չի կարելի»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկու կարծիքով՝ ինքը կարող է կանխել ռուսական գրոհները Ուկրաինայի էներգահամակարգի դեմ՝ Ռուսաստանին ստիպելով համարժեք գին վճարել։
«Եթե չկա հակաօդային պաշտպանություն մեր էներգահամակարգի պաշտպանության համար, իսկ ռուսները գրոհում են այն, ապա ես հարց ունեմ. ինչո՞ւ մենք չենք կարող պատասխանել նրանց։ Նրանց հասարակությունը պետք է սովորի ապրել առանց բենզինի, առանց դիզելային վառելիքի, առանց էլեկտրականության... Դա արդարացի է։ Երբ Ռուսաստանը դադարեցնի այդ քայլերը, մենք էլ կդադարեցնենք»,- ասել է նա։





























