Երեւանի անզգույշ քայլերը կարող են կարճաժամկետ հեռանկարում խորացնել հակասությունները ՌԴ-ի հետ երկխոսությունում, սակայն հետագայում նկատվելու է ռուս-հայկական կապերի քաղաքական առողջացման գործընթաց, ՏԱՍՍ-ի հետ զրույցում հայտնել է «Վալդայ» միջազգային բանավիճային ակումբի Զարգացման եւ աջակցության ֆոնդի խորհրդի նախագահ Անդրեյ Բիստրիցկին։
Մեկնաբանելով մարտի 30-ից հայկական բանկերի կողմից ռուսական «Միր» քարտերի սպասարկման դադարեցումը, որոնք Armenian Card ազգային վճարային համակարգի մասնակիցներ են, ռուս փորձագետը նշել է, որ «շատ որոշումներ, որոնք իրականացնում է հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վնաս են հասցնում հենց Հայաստանին»։
«Ռուսաստանի հետ հարաբերություններն արեւմտյան երկրների հետ կապերով փոխարինելն անհնար է, թեկուզեւ աշխարհագրության առումով,- ընդգծել է Բիստրիցկին։- Գուցե մենք հիմա տեսնում ենք ամենազարմանալի շրջադարձերը հայկական քաղաքականությունում, բայց ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց տեղի կունենա Հայաստանի քաղաքական առողջացման գործընթաց, հատկապես այն ֆոնին, ինչ տեղի է ունենում իրական աշխարհում»։
Վերլուծաբանի խոսքով՝ մինչեւ «քաղաքական առողջացման» պահը, որն սպասվում է երկարաժամկետ հեռանկարում, երկխոսությունը կարող է բախվել լուրջ մարտահրավերների արդեն շուտով։
«Կարճաժամկետ հեռանկարում Երեւանի անզգույշ քայլերը կարող են հանգեցնել Հայաստանի դիրքերի ավելի մեծ թուլացման, կենսամակարդակի ավելի մեծ իջեցման (հանրապետությունում), հակառուսական հռետորաբանության աճի, ինչը կանդրադառնա մարդկանց միջեւ հարաբերությունների վրա, ինչպես նաեւ կհանգեցնի ամենատարբեր ցնցումների հենց Հայաստանում»,- ասել է նա։





























