Հարվարդի համալսարանը հայտարարել է, որ իր ֆոնդում 1930-ականներից պահվող հետմահու կյանքի մասին 19-րդ դարի գրքի կազմից հեռացրել է մարդու մաշկը: Որոշումն ընդունվել է գրքի ծագմանն ու պատմությանն առնչվող էթիկական խնդիրները բացահայտելուց հետո: Գիրքը պահվում է Հարվարդի Հաութոն համալսարանական գրադարանում։

«Հոգու ճակատագրերը» («Des Destinées de L´âme») գիրքը 1880-ականների սկզբին գրել է ֆրանսիացի արձակագիր և բանաստեղծ Արսեն Ուսայեն։ «Մեքենագրված տեքստը տրվել է բժիշկ Լուի Բուլենդին: Վերջինս գիրքը պատել է մաշկով, որը առանց համաձայնության վերցրել է իր աշխատած հիվանդանոցում՝ մահացածի մարմնից»,- ասված է Հարվարդի հայտարարության մեջ: 

Համալսարանի գրադարանավար Թոմաս Հեյրին հայտնել է, որ Բուլանդը գրքում ձեռագիր գրություն է թողել, որում ասվում է, թե «մարդկային հոգու մասին գիրքն արժանի է մարդկային կազմ ունենալու»: Գրառման մեջ մանրամասն նկարագրված է նաև մարդու մաշկով կազմի պատրաստման գործընթացը։

Դեռևս 2014 թվականին արված գիտական վերլուծությունը հաստատել է, որ գրքի կազմը պատրաստված է մարդու մաշկից:

Հարվարդում նշել են, որ մաշկը հեռացվել է Հարվարդի համալսարանի՝ թանգարանային հավաքածուներում մարդկային մնացորդների մասին 2022 թվականի հաշվետվությունից հետո գրադարանում անցկացված ստուգման արդյունքում: