Աֆղանստանի կառավարության խոսնակ Զաբիհուլլա Մուջահիդը աֆղանական TOLOnews գործակալությանն ասել է, որ ամերիկյան անօդաչու թռչող սարքերը պարեկություն են իրականացնում Քանդահար և Նիմրոզ նահանգներում։

Նա քննադատել է ԱՄՆ-ի կողմից երկրի օդային տարածքի խախտումը՝ հայտարարելով, որ իրենք բազմիցս բողոքել են այս առիթով, և որ ԱՄՆ-ն պետք է լրջորեն վերաբերվի դրան։

«Այդ թռչող սարքերն, անկասկած, պատկանում են ԱՄՆ-ին, նրանք թռչում և հատում են Աֆղանստանի ուղղությամբ որոշ հարևան երկրների օդային տարածքները։ Յուրաքանչյուրը պետք է հասկանա իր  պատասխանատվությունն այս հարցում և դադարեցնի ագրեսիան»,- ասել է նա։

Մուջահիդը հայտարարել է նաև, որ հարևան երկրները չպետք է թույլ տան ամերիկյան անօդաչուներին օգտագործել իրենց օդային տարածքը Աֆղանստանի օդային տարածքը խախտելու համար։