Եգիպտոսի, Ֆրանսիայի և Հորդանանի արտաքին գործերի նախարարները կոչ են արել «անհապաղ և մշտական ​​հրադադար» հաստատել Գազայում և ազատ արձակել ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդներին։

Կոչը հնչել է շաբաթ օրը Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում երեք դիվանագետների հանդիպումից հետո:

Համատեղ մամուլի ասուլիսում Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն նաև ասել է, որ իր կառավարությունը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին կներկայացնի պատերազմի «քաղաքական» կարգավորում նախատեսող բանաձևի նախագիծ, հաղորդում է AFP-ն։

Ըստ Ֆրանսիայի արտգործնախարարի, բանաձևի տեքստը կներառի «երկու պետությունների գոյակցության հիման վրա իսրայելա-պաղեստինյան հակամարտության կարգավորման բոլոր չափանիշները»՝ խաղաղության ծրագիր, որը վաղուց  պաշտպանում է միջազգային հանրությունը, սակայն որին հակադրվում է Իսրայելը: