Ըստ պաշտոնական տվյալների, Մեծ Բրիտանիայի Զինված ուժերը կորցրել են զենքի փոքր զինանոց, ներառյալ գնդացիրներ, գրոհային հրացաններ, հրթիռային կայաններ և հազարավոր փամփուշտներ:
Կորցրած կամ գողացված զենքերը ներառում են երկու ընդհանուր նշանակության գնդացիր (GPMG), որոնցից մեկը ծովում կորցրել է թագավորական նավատորմը: GPMG-ը, որը կարող է րոպեում արձակել մինչև 750 կրակոց և ունի մինչև 1800 մետր հեռահարություն, հետևակային գումարտակների համար կարևոր զենք է։
Մյուս կորուստների թվում են շարքից հանված ռուսաստանյան հրթիռային կայանը, մինչև ութ միավոր SA-80 հրացան և մի քանի Glock ատրճանակ:
Անցյալ տարի գողերը թագուհու թագավորական հուսարների գնդի շտաբից գողացել էին շահագործումից հանված Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակների Լյուիս գնդացիրը, իսկ Ուիլթշիրում գտնվող բանակի շտաբից անհետացել էր 50 տրամաչափի գնդացիրը:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականից ի վեր ռազմակայաններից կորել կամ գողացվել է առնվազն 30 միավոր զենք։
Բացի այդ, պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները վերջին չորս տարվա ընթացքում կորցրել են 1800 համակարգիչ, նոութբուք և հիշողության քարտեր:
Պաշտպանության նախարարության վերջին տվյալները ցույց են տալիս, որ վերջին երկու տարվա ընթացքում կորել կամ գողացվել է 361 նոութբուք, 98 բջջային հեռախոս, 70 համակարգչի կոշտ սկավառակ և 50 հիշողության քարտ:
Պարբերականի զրուցակից ռազմական փորձագետի կարծիքով, կորած համակարգիչների և հիշողության քարտերի հսկայական քանակությունը կարող է պոտենցիալ վտանգ ներկայացնել երկրի զինված ուժերի անվտանգությանը, և քննիչները ստիպված են եղել տասնյակ հետաքննություններ անցկացնել՝ պարզելու, թե արդյոք դրանք գաղտնի կամ զգայուն տեղեկատվություն են պարունակել, որը կարող էր օգտագործվել օտարերկրյա տերությունների կողմից։





























