ՄԱԿ-ի մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ) հայտնում է, որ արևելյան և հարավային Աֆրիկան ​​բախվում են «կուտակվող ճգնաժամերի»՝ կապված էքստրեմալ եղանակային պայմանների հետ․ երկու շրջանն էլ վերջին տարում տուժել են փոթորիկներից ու ջրհեղեղներից, շոգից և երաշտից, հայտնում է AP-ն։

Աֆրիկայի հարավում՝ Մալավիում, մոտ 9 միլիոն մարդ, որոնց կեսը երեխաներ են, օգնության կարիք ունեն: ՅՈՒՆԻՍԵՖ-ի տվյալներով, Զամբիայում ավելի քան 6 միլիոն մարդ, որոնցից 3 միլիոնը երեխաներ են, տուժել են երաշտից։ Սա Մալավիի բնակչության գրեթե կեսն է և Զամբիայի բնակչության 30%-ը:

Այն դեպքում, երբ կլիմայի մարդածին փոփոխությունն ամբողջ աշխարհում հանգեցրել է ավելի անկայուն եղանակի, Աֆրիկայի հարավում ​​այս տարի ևս մեկ խնդիր է դիտարկվում՝ կապված երաշտի հետ:

Բնական կլիմայական Էլ-Նինյո երևույթը, որի պատճառով Խաղաղ օվկիանոսի որոշ մասեր տաքանում են յուրաքանչյուր երկու-յոթ տարին մեկ, տարբեր կերպ է ազդում աշխարհի եղանակի վրա: Հարավային Աֆրիկայում դա հանգեցնում է միջինից ցածր մակարդակի տեղումների, երբեմն՝ երաշտի, և Էլ-Նինյոյին են մեղադրում ներկա իրավիճակի համար:

Հետևանքներն ավելի լուրջ են Զիմբաբվեի Մանգվե շրջանի բնակիչների համար, որտեղ, ինչպես հայտնի է, չոր եղանակ է: Մարդիկ այստեղ աճեցնում են երաշտադիմացկուն հացահատիկային սորգո և գարեձավարի կորեկ, որպեսզի բերքահավաքի հնարավորություն ունենան, սակայն այս տարի նույնիսկ դրանք չեն կարողացել դիմակայել նման եղանակային պայմաններին։

Զամբիայի նախագահ Հակաինդե Հիչիլեման հայտարարել է, որ իր երկրի 2,2 միլիոն հեկտար եգիպտացորենից 1 միլիոնը ոչնչացվել է: Մալավիի նախագահ Լազարուս Չակվերան իր հերթին 200 միլիոն դոլարի չափով մարդասիրական օգնություն է խնդրել։

Այս տարվա աղքատիկ բերքի պատճառով  Զիմբաբվեի, հարավային Մալավիի, Մոզամբիկի և Մադագասկարի միլիոնավոր մարդիկ չեն կարող կերակրվել մինչև 2025 թվականը: ԱՄՆ-ի սովի մասին վաղ նախազգուշացման համակարգի գնահատմամբ,  Աֆրիկայի հարավում 20 միլիոն մարդ 2024 թվականի առաջին մի քանի ամիսներին պարենային օգնության կարիք կունենա:

Շատերը չեն ստանա այս օգնությունը, քանի որ օգնության գործակալությունները նույնպես սահմանափակ ռեսուրսներ ունեն՝ սովի հետ կապված համապարփակ ճգնաժամի և կառավարությունների կողմից մարդասիրական ֆինանսավորումը կրճատելու պայմաններում: