Սոֆիայի և Բուխարեստի օդանավակայանները կիրակի օրը չեղարկել են անձնագրային հսկողությունը նրանց համար, ովքեր թռչում են Եվրամիության շատ անդամ երկրներ կամ ժամանում այնտեղից, քանի որ Բուլղարիան և Ռումինիան մասամբ միացել են Շենգենյան բաց ուղևորությունների գոտուն, հաղորդում է Reuters-ը:
Անցյալ տարվա վերջին երկու երկրները համաձայնություն ձեռք բերեցին միանալու Եվրոպայի ազատ օդային և ծովային գոտուն այն բանից հետո, երբ Ավստրիան դեմ հանդես եկավ լիիրավ անդամակցությանը, ներառյալ ցամաքային անցումները, հայտարարելով, որ Ռումինիան և Բուլղարիան պետք է ավելին անեն անօրինական ներգաղթը կանխելու համար:
Ներքին գործերի նախարար Կալին Ստոյանովը կիրակի լրագրողներին ասել է, որ Բուլղարիան պետք է դառնա Շենգենյան գոտու լիիրավ անդամ մինչև այս տարվա վերջ, ինչը նշանակում է, որ սահմանային անցակետերը կհանվեն մարդկանց և ապրանքների համար, որոնք ճանապարհորդում են ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհով։
Ռումինիայի վարչապետն էլ իր հերթին ասել է, որ երկիրն ակնկալում է այս տարի ավարտել ցամաքային սահմանների շուրջ բանակցությունները։
Բուլղարիան և Ռումինիան Ավստրիայի, Հունաստանի և Սլովակիայի հետ միասին միացել են միգրանտների հոսքին հակազդելու տարածաշրջանային ոստիկանական նախաձեռնությանը:
Եվրամիության սահմանային Frontex գործակալությունը անցյալ ամիս հայտարարել էր, որ եռապատկելու է իր անձնակազմի թիվը Բուլղարիայում, որպեսզի օգնի նվազեցնել Թուրքիայից ԵՄ մուտք գործող մարդկանց թիվը:





























