ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբը և կրոնական պահպանողականները խստորեն քննադատել են պետության ներկայիս ղեկավար Ջո Բայդենին մարտի 31-ը, որն այս տարի համընկնում է Սուրբ Զատիկի հետ, «Տրանսգենդերների ճանաչման օր» հռչակելու համար։

ԱՄՆ նախագահն ուրբաթ օրը հայտարարություն է տարածել՝ կոչ անելով «բոլոր ամերիկացիներին միանալ մեզ՝ բարելավելու տրանսգենդերների կյանքն ու ձայնը մեր երկրում և աշխատել վերջ դնել գենդերային ինքնության հատկանիշով բռնությանը և խտրականությանը»:

Սակայն 2024 թվականին մարտի 31-ի տոնակատարությունը համընկնում է Զատիկի՝ քրիստոնեական ամենասուրբ տոներից մեկի հետ։ Թրամփի նախընտրական շտաբը մեղադրել է Բայդենին, որը կաթոլիկ է, կրոնի հանդեպ անզգայուն լինելու մեջ, իսկ հանրապետական գործընկերները սատարել են նրան։

«Մենք կոչ ենք անում Ջո Բայդենի ձախողված քարոզարշավին և Սպիտակ տանը ներողություն խնդրել ամբողջ Ամերիկայի միլիոնավոր կաթոլիկներից և քրիստոնյաներից, որոնք հավատում են, որ վաղը միայն մեկ տոն է լինելու՝ Հիսուս Քրիստոսի հարությունը», - հայտարարել է Թրամփի նախընտրական շտաբի խոսնակ Քերոլայն Լիվիթը՝ մեղադրելով Բայդենի վարչակազմին «քրիստոնեական հավատքի վրա բազմամյա հարձակումների մեջ»։