Հանրապետական կուսակցության երկու անդամներ լրագրողներին ասել են, որ Կոնգրեսի խոսնակ Մայք Ջոնսոնը ապրիլի 9-ից հետո մտադիր է քվեարկության դնել Ուկրաինային ամերիկյան օնության մասին օրինագիծը։
ԱՄՆ Կոնգրեսի հետախուզության կոմիտեի նախագահ Մայք Թըրները CBS հեռուստաընկերության հարցազրույցում ասել է, որ Ջոնսոնը քանիցս աջակցություն է հայտնել Ուկրաինային, այդ թվում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ զրույցներում։
Նա հույս է հայտնել, որ Կոնգրեսը կընդունի օրենքը Զատկվա արձակուրդներից հետո։ «Խոսնակը հստակ հայտարարել է, որ երբ վերադառնանք արձակուրդից, դա կլինի մեր հաջորդ առաջնահերթ հարցն օրակարգում»,- ասել է Թըրները։
Եվս մեկ հանրապետական՝ Նյու Յորքից կոնգրեսական Մայք Լոուլերը, CNN հեռուստաընկերությանն ասել է, որ Ջոնսոնը իրեն հավաստիացրել է, որ շուտով քննարկման կդրվի օրինագիծը։ «Ես խոսել եմ նրա հետ,- ասել է Կոնգրեսի անդամը (նրա խոսքերը մեջբերել է The Hill-ը)։- Ես վստահ եմ, որ [Ջոնսոնը] օրենքը քննարկման կդնի, եւ մենք կկարողանանք քվեարկել»։
ԱՄՆ Կոնգրեսը Զատկվա արձակուրդներից վերադառնալու է ապրիլի 9-ին եւ աշխատելու է մինչեւ ապրիլի 22-ը, երբ նորից պետք է մեկշաբաթյա արձակուրդ գնա։ Թըրների խոսքով՝ Ուկրաինայի օգնության մասին օրինագիծը պետք է քվեարկվի մինչեւ ապրիլի 22-ը։
Ինչպես գրում են ամերիկյան ԶԼՄ-ները, առայժմ պարզ չէ, թե հատկապես ինչ ձեւով Կոնգրեսը կարող է հավանություն տալ օգնությանն Ուկրաինային։
Ավելի վաղ որոշ հանրապետականներ Կիեւին նոր միջոցների հատկացումը կապում էին հարավային սահմանների ամրացման եւ անլեգալ միգրացիայի դեմ պայքարի խստացման հետ։ Այժմ Հանրապետական կուսակցության մի մասը առաջարկում է ֆինանսավորել Ուկրաինայի օգնությունն ի հաշիվ բյուջետային այլ ծախսերի։ Սպիտակ տան նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը, որը նորից առաջադրվելու է որպես նախագահ, նշել է, որ Ուկրաինային պետք է միջոցներ տրամադրել որպես վարկ։
ԶԼՄ-ների տեղեկացմամբ՝ Հանրապետական կուսակցության առավել արմատական տրամադրված թեւը (հատկապես Մարջորի Թեյլոր Գրինը) սպառնում է Ջոնսոնին հանել պաշտոնից, եթե նա քվեարկության դնի Ուկրաինայի օգնության մասին օրինագիծը։ Այդ դեպքում այն կարող են փրկել Դեմոկրատական կուսակցության անդամները, որոնց ճնշող մեծամասնությունը կողմ է Կիեւի աջակցության վերականգնմանը։
Ուկրաինայի, Իսրայելի եւ Թայվանի օգնության մասին օրինագիծը՝ 95 մլրդ դոլար ընդհանուր արժեքով (մոտ 60-մլրդ-ն նախատեսված է Կիեւի համար) Սենատն արդեն հավանության է արժանացրել, բայց այն նախկինի պես արգելակված է մնացել Ներկայացուցիչների պալատում նախկին նախագահ Թրամփի կողմնակիցների եւ նրանց նշանակած խոսնակ Մայք Ջոնսոնի դիրքորոշման պատճառով։
Ուկրաինացի եւ արեւմտյան պաշտոնյաները խոստովանում են, որ ամերիկյան ռազմական օգնության ձգձգումն արդեն վնասում է Ուկրաինայի դրությանը մարտադաշտում։





























