Ղրղզստանի Գերագույն խորհրդի սոցիալական քաղաքականության կոմիտեն առաջին ընթերցմամբ ընդունել է օրինագիծ «Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին», որի համապատասխան՝ հանրապետությունում կարգելեն գուշակների եւ էքստրասենսների գովազդը։ Այս մասին տեղեկացրել է 24.kg լրատվական գործակալությունը։

Գործակալության տեղեկացմամբ՝  փաստաթուղթը նախաձեռնել են խորհրդարանի 25 պատգամավորներ։ Պատգամավոր Մարլեն Մամատալիեւը նշել է, որ դժվար կենսական դրության մեջ հայտնված քաղաքացիները հաճախ դիմում են էքստրասենսներին եւ գուշակներին, որոնք իրենց գերբնական ունակությունների օգնությամբ երաշխավորում են ազատել նրանց խնդիրներից։ Օրինագիծն առաջարկվել է, որպեսզի դադարեցվի քաղաքացիների գիտակցության մանիպուլացումը։

«Մարդը հուսահատված վիճակում պատրաստ է հավատալ յուրաքանչյուրին, ով կխոստանա վերացնել նրա բոլոր խնդիրները։ Այս զգացման վրա էլ խաղում են այսպես կոչված մոգերն ու էքստրասենսները։ Նրանք մեծ փորձ ունեն մարդկանց գիտակցությունը մանիպուլացնելու գործում։ Ցավալի է տեսնել, թե ինչպես են բարձր տեխնոլոգիաների եւ գիտական առաջընթացի մեր դարում շատ քաղաքացիներ հայտնվում այսպես կոչված էքստրասենսների եւ մոգերի ծուղակում»,- գործակալությունը մեջբերել է օրինագծին կցված հիմնավորում-տեղեկանքի հաղորդումը։

Մամատալիեւը օրինագիծը նախաձեռնել է 2023թ. նոյեմբերին։