Նանկինի երկրաբանության եւ պալեոնթոլոգիայի ինստիտուտի պալեոկենսաբանները գերմանացի գործընկերների եւ Մյանմայի թանկարժեք քարերի թանգարանի աշխատակիցների հետ հետաքրքիր գտածո են նկարագրել՝ երիզորդ, որը պահպանվել է մոտ 99 մլն տարեկան սաթի մեջ, ինչը համապատասխանում է կավճի դարաշրջանին։ Գիտնականների հոդվածը լույս է տեսել Geology ամսագրում։
Մակաբույծ որդերը վատ են պահպանվում երկրաբանական տարեգրությունում, դա հատկապես վերաբերում է մարդու, կենդանիների եւ բույսերի մեջ ապրող մակաբույծներին։ Դրանք բաժանվում են երկու տեսակի՝ հարթ եւ կլոր որդեր, տեղեկացրել է Naked-Science-ը։
Հարթ որդերի տեսակներից մեկը Cestoda-ն է կամ երիզորդը։ Դրանք բարդ կենսական ցիկլ ունեն եւ ներառում են առնվազն երկու տեր։ Դրանք փափուկ հյուսվածքներ ունեն։ Գիտնականներին մինչ այժմ հայտնի էր այն, որ դրանց ձվերը հայտնաբերվել են պերմյան դարաշրջանում։
Սաթը, որի մեջ հայտնաբերվել է երիզորդը, գտել են Մյանմայի հյուսիսում, Թանայ քաղաքի մոտ (Կաչին նահանգ)։ Դա 9,81 միլիմետր երկարություն եւ 0,16 միլիմետր լայնություն ունեցող որդի մի մասն է՝ շոշափուկները։
Քանի որ մակաբույծն ամբողջությամբ չի պահպանվել, այն նկարագրել են ժամանակակից ցեստոդների հետ համեմատելով։ Գիտնականները ենթադրել են, որ այդ երիզորդը նման է Trypanorhyncha տեսակին։ Դրանց թրթուրները վնասում են բազմաթիվ ծովային անողնաշարավորների եւ մեծ ձկների։
«Հատկանշական է, որ գրեթե բոլոր տրիպանորինխները հարթ ձկների էնդոմակաբույծներ են, եւ մեր հետազոտությունը ցույց է տվել ծովային էնդոմակաբույծի հազվագյուտ օրինակ սաթի մեջ»,- ընդգծել են գիտական աշխատանքի հեղինակները։
Գիտնականների կարծիքով՝ երիզորդը սաթում հայտնվել է, երբ տերը, հավանաբար՝ հարթ ձուկը, ափ է նետվել մակընթացության կամ փոթորկի ժամանակ։ Հետո ձկանը կարող էր բռնել ցամաքային գիշատիչը, օրինակ՝ դինոզավրը։ Երբ նա կծել է որսը, մակաբույծի շոշափուկները կտրվել են, կպել սաթի խեժին եւ մնացել դրա ներսում մոտ 100 մլն տարի։





























