Ֆրանսիայի արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն Պեկին այցից առաջ Չինաստանին հորդորել է օգտագործել իր ազդեցությունը Ռուսաստանի վրա՝ Ուկրաինայում պատերազմին վերջ տալու համար: Դրա մասին հայտնել  է Euronews-ը։

Դիվանագետը բանակցություններ է վարում չինացի գործընկեր Վան Իի հետ։

Փարիզը Պեկինի վրա ճնշում է գործադրում 2022-ի փետրվարին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո Մոսկվայի հետ հարաբերությունների խորացման համար:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ստեֆան Սեժուրնեն հայտնել է, որ բանակցությունների ընթացքում կխոսեն ոչ միայն ռազմավարության, այլև՝ Ուկրաինայում խաղաղություն ապահովել հնարավորությունների, ընդհուպ՝ ռուսական զորքերի դուրսբերման մասին:

«Ուստի մենք պետք է շատ հստակ ազդանշան ուղարկենք Ռուսաստանին։ Ակնկալում ենք, որ այնպիսի խոշոր երկիրը, ինչպիսին Չինաստանն է, նույնպես շատ հստակ ազդակներ կուղարկի Ռուսաստանի Դաշնությանը»,- ընդգծել է ֆրանսիացի դիվանագետը։

Օրակարգում են նաեւ առեւտրին առնչվող հարցեր։ Ֆրանսիան անհանգստացած է, որ եվրոպական շուկա մուտք գործող չինական էժան էլեկտրական մեքենաների հեղեղը կհարվածի տեղական ավտոարդյունաբերությանը և կհանգեցնի աշխատատեղերի կորստի:

Սեժուրնեն Պեկին կայցելի Չինաստանի նախագահ Սի Ծինպինի՝ այս տարվա գարնանը Ֆրանսիա նախատեսված այցից առաջ: