ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 175 մլն դոլարի գրավ է մուծել խարդախության գործի վերաբերյալ որոշման բողոքարկման համար։ Այս մասին երկուշաբթի տեղեկացրել է ABC հեռուստաալիքը՝ հղում կատարելով դատական փաստաթղթերին։

Թրամփը գրավն ապահովել է Knight Specialty ապահովագրական ընկերության միջոցով։

Փետրվարի 16-ին դատարանը Թրամփին մեղավոր է ճանաչել խարդախության մեջ եւ պարտավորեցրել վճարել մոտ 355 մլն դոլար։ Տուգանքի ընդհանուր գումարը 454 մլն դոլար է տոկոսներով։ Նրան երեք տարով արգելել են աշխատել որեւէ կորպորացիայում կամ լինել տնօրեն Նյու Յորքի նահանգում եւ վարկ ստանալ որեւէ ֆինանսական ինստիտուտում, որը գրանցված է Նյու Յորքի նահանգում։ Թրամփը բողոքարկել է այս որոշումը։ Նյու Յորքի դատարանը ապրիլի 15-ին նշանակել է դատական վարույթ այն բանից հետո, երբ նախկին նախագահը համաձայնել է վճարել գրավ այս գործով որոշման բողոքարկման համար։

Հայցը ուղարկվել է դատարան 2022թ. սեպտեմբերին։ Ըստ դատախազության՝ Trump Organization ընկերությունը ներկայացրել է ոչ ստույգ տեղեկություններ ակտիվների արժեքի մասին, որպեսզի վարկերի ստացման ավելի նպաստավոր պայմաններ ստանա։ Ակտիվների արժեքը 2,23 մլրդ դոլարից բարձրացվել է  3,6 մլրդ դոլարի։ Բարձրացվել է Թրամփի Ֆլորիդայի կալվածքի, Մանհեթենի Trump Tower երկնաքերների, որոշ գրասենյակների եւ գոլֆի խաղահրապարակների արժեքը։ Պաշտպանությունը պնդում է, որ մեղադրանքն անհիմն է, իսկ սեփականության գինը կարող էր ժամանակի ընթացքում փոխվել օբյեկտիվ հանգամանքների հետ կապված։