Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք «օտարերկրյա գործակալների» մասին։ Այս մասին նա տեղեկացրել է իր Ֆեյսբուքում։

Նոր նորմը ռուսական օրենքի անալոգն է. այժմ Ղրղզստանի իշխանությունները կունենան «օտարերկրյա գործակալ» ՀԿ-ների հատուկ ցուցակ. այդտեղ հայտնված կազմակերպությունները պետք է լրացուցիչ հաշվետվություն ներկայացնեն եւ կարող են դառնալ արտապլանային ստուգումների օբյեկտներ։

Բացի այդ, ինչպես եւ Ռուսաստանում, Ղրղզստանում «օտարերկրյա գործակալները» պետք է նշեն «օտարերկրյա ֆինանսավորման» մասին իրենց նյութերում։

Ժապարովն ինքը հայտնել է, որ որպես պետության ղեկավար երաշխավորում է. «ոչ մի հետապնդում չի լինելու»։

Օրենքն ուժի մեջ կմտնի տասն օր հետո։

2023թ. աշնանը նման օրենք ընդունվել եւ ուժի մեջ է մտել Ղազախստանում։ Կառավարությունում հավաստիացրել են, որ «օտարերկրյա գործակալների» ցուցակը  ուղղվելու է «քաղաքացիների վստահության մակարդակի բարձրացմանը» ոչ առեւտրային կազմակերպությունների հանդեպ։