Սպիտակ տունը հրապարակել է կոմյունիկե մոտ երկու ժամ տեւած հեռախոսազրույցի մասին նախագահ Բայդենի եւ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի միջեւ։ Թվարկվել են բազմաթիվ խնդիրներ երկու տերությունների հարաբերություններում, բայց Ուկրաինայի պատերազմի հետ կապված թեման հիշատակվել է ընդամենը մեկ ձեւակերպմամբ. «Նա [Բայդենը] անհանգստացած է Ռուսաստանի պաշտպանական-արդյունաբերական բազային Չինաստանի աջակցությամբ եւ եվրոպական ու տրանսատլանտյան անվտանգության վրա դրա ազդեցությամբ»։
Երեքշաբթի AFP գործակալության անանուն զրուցակիցը այս մասին ավելի մանրամասն է ներկայացրել, չնայած հետեւյալ տեքստային հայտարարությամբ. «Մենք իրապես տեսնում ենք, որ Չինաստանը սկսել է օգնել Ռուսաստանի պաշտպանական-ադրյունաբերական բազայի վերականգնմանը»։ Նրա խոսքով՝ Չինաստանը Ռուսաստան է մատակարարում կոմպլեկտավորողներ, որոնք թույլ են տալիս «փոքրիշատե ավելացնել Ռուսաստանի հնարավորություններն Ուկրաինայում, իսկ դա, իհակե, երկարաժամկետ ազդեցություն կունենա եվրոպական անվտանգության վրա»։
Նման ձեւակերպում կա գաղտնի ճեպազրույցի ամփոփագրում, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։ Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչն ավելացրել է, որ նման թեզեր արտահայտել է Ֆրանսիայի արտգործնախարար Սթեֆան Սեժուրնեն ապրիլի 1-ին Պեկին կատարած այցի ժամանակ։ Սեժուրնեն ասել է, որ սպասում է, որ Պեկինը Մոսկվային կփոխանցի «հստակ ազդանշաններ», քանի որ Ուկրաինայում պատերազմի ավարտը բխում է ողջ համաշխարհային հանրության, ներառյալ Չինաստանի շահերից։
Չինական կոմյունիկեում, որը տարածել է «Սինհուա» գործակալությունը, այս թեման էլ ավելի սուղ է ներկայացված. «Երկու պետությունների ղեկավարները կարծիքներ են փոխանակել ուկրաինական ճգնաժամի եւ Կորեական թերակղզու իրավիճակի վերաբերյալ»։





























