Պերուի դատախազությունը ապօրինի հարստացման վերաբերյալ երկրի նախագահ Դինա Բոլուարտեի դեմ վարվող հետաքննության շրջանակում պետության ղեկավարին մեղադրել է 500 հազար դոլարի թանկարժեք իրեր ունենալու մեջ։ Այս մասին Պերուի կոնգրեսի հանձնաժողովում ելույթի ժամանակ ասել է հանրապետության գլխավոր դատախազ Խուան Կառլոս Վիլյենան։
«Ներառված է նաեւ Cartier ապարանջանը, որի արժեքը 56 հազար դոլար է։ Նույն աղբյուրները վկայում են, որ ոսկերչական իրերի արժեքը, որոնք նախագահը կրել է վերջին երկու տարիներին արարողությունների ժամանակ, գերազանցում է 500 հազար դոլարը»,- նշել է գլխավոր դատախազը, որի ելույթը հեռարձակել է Canal N հեռուստաալիքը։
Վիլյենան ավելացրել է, որ դատախազությունը նաեւ ուսումնասիրում է Բոլուարտեի եկամուտների մասին հայտարարագիրը, որի համաձայն՝ նախագահը վերջին երկու տարում հարստացել է 432 հազար սոլով (մոտ 116 հազար դոլար)։ Հետաքննության շրջանակում գերատեսչությունը մտադիր է պարզել 1 մլն սոլի գոյացման աղբյուրը (մոտ 270 հազար դոլար), որոնք առկա են նախագահի բանկային հաշիվներում։
Անցած շաբաթ Պերուի նախագահի տանը իրավապահները խուզարկություններ են կատարել։ Դատախազությունը պետության ղեկավարին կասկածում է անօրինական հարստացման մեջ։ Նստավայրում, մասնավորապես, գտել են մոտ 13 հազար դոլար արժեքով Rolex ժամացույց։ Ներկայում պարզվում են եկամուտների աղբյուրները, որոնցով ձեռք են բերվել շքեղ իրերը։





























