Ուկրաինայի հինգերորդ նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտնել է, որ մտադիր է նորից առաջադրվել պետության ղեկավարի պաշտոնին։ Այս մասին նա հայտնել է Al Jazeera հեռուստաալիքի հարցազրույցում։ Նա ավելացրել է, որ դրա համար հարկավոր է սպասել Ռուսաստանի հետ պատերազմի ավարտին։

«Այո, ես պատրաստվում եմ մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին։ Բայց սկզբում այդ ընտրությունների համար մեզ հաղթանակ է հարկավոր»,- ընդգծել է Պորոշենկոն։

Նախկին նախագահը նաեւ նշել է, որ Ուկրաինայի ԵՄ մտնելու դեպքում նա կառաջադրվի Եվրախորհրդարանում։

Ավելի վաղ Ուկրաինայի գործող նախագահ Վլադիմիր Զելենսկին Fox News-ի հետ խոսակցությունում նշել էր, որ կցանկանար, որպեսզի նախագահական ընտրությունները կայանային ըստ պլանի, 2024թ. մարտի վերջին։ Պատերազմի պայմաններում, Զելենսկու խոսքով, քվեարկության կազմակերպումը շատ դժվար է, ուստի ընտրությունները տեղի կունենան մարտական գործողությունների ավարտից հետո։

Պյոտր Պորոշենկոն Ուկրաինայի նախագահի պաշտոնը զբաղեցրել է 2014-2019թթ.։ 2019թ.վերջին ընտրությունների ժամանակ  նա եղել է Վլադիմիր Զելենսկու մրցակիցը։ Այն ժամանակ երկու թեկնածուներն անցան երկրորդ փուլ։ Հաղթող դարձավ Զելենսկին։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների ավելի քան 75 տոկոսը։ Պորոշենկոն ստացել է 24 տոկոսից մի փոքր ավելի ձայն։

Ուկրաինայի նախագահական ընտրություներում առաջադրվելու ծրագրերի մասին հայտնել է նաեւ Զելենսկու գրասենյակի նախկին խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը։