Անցյալ տարվա հոկտեմբերից ի վեր Պաղեստինի, Իսրայելի և Լիբանանի առողջապահական համակարգերը հարձակման են ենթարկվել 906 անգամ, ինչի հետևանքով զոհվել է 736 մարդ, վիրավորվել՝ 1014-ը։ Այս տվյալները Ժնևում կայացած ճեպազրույցում ներկայացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը։

«Հակամարտության սկզբից ի վեր ԱՀԿ-ն ստուգել է 906 հարձակում առողջապահության վրա Գազայում, Հորդանան գետի Արևմտյան ափին, Իսրայելում և Լիբանանում, որոնց հետևանքով զոհվել է 736 և վիրավորվել 1014 մարդ»,- նշել է նա։

Գազայի 36 հիվանդանոցներից միայն 10-ն են դեռ կարողանում գործել գոնե մասամբ, շարունակեց գլխավոր տնօրենը։ ԱՀԿ-ն «կշարունակի աջակցել այս հիվանդանոցներին»:

«Մենք տեսնում ենք շնչառական և մաշկային վարակների և փորլուծային հիվանդությունների շատ մեծ բեռ»,- ասաց նա։

ԱՀԿ ղեկավարը ողջունել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից հրադադարի պահանջով բանաձեւի ընդունումը։

«Մենք կոչ ենք անում անհապաղ իրականացնել այն»,- ընդգծել է Գեբրեյեսուսը։