Թեեւ իշխանություններն անընդհատ բարձրաձայնում են, թե 2012 թվականի բյուջեն «սոցիալական» կամ «զարգացման»  անվանումն է կրում, սակայն իրականում սա «անկարող» բյուջե անվանումը պետք է կրի:

Այս մասին հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Արմեն Մարտիրոսյանը: Նրա խոսքով, բուջեի այս նախագծով նախատեսված չէ աշխատավարձի որեւէ բարձրացում, այն դեպքում, երբ այս տարիների ընթացքում անընդհատ տեղի են ունենում ապրանքների եւ ծառայությունների թանկացումներ, որտեղ առաջին անհրաժեշտության ապրանքները` ավելի կոնկրետ որոշ սննդամթերքներ, թանկացել են գրեթե կրկնակի անգամ:

«Ինչպե՞ս պետք է քաղաքացին հոգ տանի իր ընտանիքի մասին, կամ երիտասարդը ընտանիք կազմի, եթե միջին աշխատավարձը 100.000 դրամից մի փոքր ավելի է, այն դեպքում, երբ կենսաապահովման նվազագույն զամբյուղը պաշտոնական տվյալներով կհասնի 65.000 դրամի սահմանին, իսկ իրականում որքան է, զգում ենք միայն մենք, բայց ոչ իշխանավորները:

Ի՞նչ «սոցիալական» բյուջեի մասին խոսք կարող է գնալ, երբ միջին կենսաթոշակը նախատեսվում է դարձնել 31.000 դրամ, այն պարագայում, երբ միայն պարենային զամբյուղն ավելի կլինի, քան 45.000 դրամը:

Անթույլատրելի է, որ մեր երկրում նվազագույն աշխատավարձը կազմում է 32.500 դրամ, գրադարանավարները ստանում են մոտ 40.000 դրամ աշխատավարձ»,- հայտարարել է նա:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, Հայաստանն ունի բավականաչափ ռեսուրսներ այս կարգի խնդիրները լուծելու համար, պարզապես անհրաժեշտ է, որ իշխանությունները ոչ թե մտածեն իրենց եւ իրենց շրջապատի հարստության եւ գերշահույթների մասին, այլ կատարեն իրենց առջեւ դրված պարտականությունները:

«Այդ պարագայում է, որ հնարավոր կլինի էապես կրճատել ստվերը եւ հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը 17.36%-ից հասցնել մինչեւ 25%: Սա ամբողջովին իրատեսական հնարավորություն է: Կամ էլ անհրաժեշտ է ամբողջապես անցնել պրոգրեսիվ հարկման մեխանիզմի, երբ գերշահույթներ ստացող կազմակերպությունները կհարկվեն ըստ իրենց շահույթի մեծության եւ ոչ ինչպես ցանկանում է կառավարությունը, ընդամենը 5% բարձրացնել 2 միլիոն դրամից ավելի աշխատավարձ ստացող ֆիզիակական անձանց եկամտահարկը: Ավտոմեքենաներից սպասվող կամ շքեղության համար գանձվող հարկերին անհրաժեշտ է ավելացնել նաեւ անշարժ գույքը: Կան բազում դղյակներ, որոնք հարյուր անգամ ավելի թանկ են, քան այդ ավտոմեքենաները:

Այսպիսով, ավարտելով խոսքս, նշեմ, որ ինչպես մինչ օրս, այսուհետ էլ, սիրելի´ քաղաքացիներ, հույսներս պետք է դնենք մեր հնարամտության եւ ոչ թե իշխանությունների կատարած աշխատանքի վրա, քանի դեռ բոլորս միասին չենք ձեւավորել նոր որակի իշխանություն, որը կսպասարկի ժողովրդի եւ ոչ իրենց շահերը»,- ամփոփել է նա: