Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, որն իր կարճատև պաշտոնավարման ընթացքում հասցրել է աչքի ընկնել իրավապահ կառույցների գործունեությանը միջամտելու և սեփական ձախողումները քննչական մարմինների և դատարանների վրա բարդելու փորձով, այժմ էլ փորձ է անում իր ազդեցությունը տարածել փորձագիտական ոլորտում: Լրատվամիջոցներում հրապարակված տեղեկությունների համաձայն՝ հստակ քայլեր են արվում ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Լիլիթ Գրիգորյանի ամուսնուն ԳԱԱ կազմում գործող «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար նշանակելու համար: Խոսքը նախկին զինդատախազ, աղմկահարույց պատմություններով հայտնի Գևորգ Մարգարյանի մասին է, որի թեկնածությունն արդեն առաջադրվել է ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթում:
Անկախ կառույցի նկատմամբ հակաօրինական միջամտությունն արդարացնելու նպատակով դատախազությունը փորձ է անում քննության ժամկետների ձգձգումների ողջ մեղքը բարդել փորձագիտական մեկ կառույցի վրա՝ այդպիսով ձգտելով դժգոհությունների որոշակի ֆոն ապահովել: Մինչդեռ դատախազության նմանօրինակ քայլեը վկայում են, որ իրականում փորձ է արվում բացառելու Փորձաքննությունների ազգային բյուրոյի անկախությունը և փորձագետներին պահել դատախազությունից կախյալ վիճակում:
Այսպես. ապրիլի 1-ին գլխավոր դատախազությունը հրապարակել է Դատախազության 2023 թվականի գործունեության մասին հաղորդումը, որում ներկայացված են դատախազության սահմանադրական լիազորությունների իրականացման ոլորտներում 2023 թվականին արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։ Մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վերաբերյալ գլխում դատախազությունն, անդրադառնալով քննության ժամկետների ձգձգումների պատճառներին, հրապարակել է իր կատարած ուսումնասիրությունների արդյունքները՝ հիմնական սլաքներն ուղղելով քրեական վարույթներով նշանակված փորձաքննությունների կատարման ժամկետների ձգձգումների վրա: Մասնավորապես գլխավոր դատախազությունը վկայակոչել է ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին ուղղված ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի գրությունը, որով պահանջվել է հայտնել, թե 2023 թվականի սեպտեմբերի 1-ի դրությամբ կատարվող, ինչպես նաև ավարտված քանի փորձաքննություններով են խախտվել փորձաքննությունների սահմանված ժամկետները և որոնք են խախտման պատճառները: Նշվել է նաև, որ ի պատասխան գրության՝ Բյուրոյի տնօրենը հայտնել է, որ մի շարք փորձաքննություններ սահմանված ժամկետներում չեն ավարտվել փորձագետների կողմից եզրակացություն տալու համար անհրաժեշտ ելակետային տվյալներ պահանջելու՝ վարույթն իրականացնող մարմնին ներկայացված միջնորդությունների կապակցությամբ տևական ժամանակ միջոցներ չձեռնարկելու հետևանքով:
NEWS.am-ին հայտնի դարձավ, որ պատասխան գրությամբ դատախազությանն այլ, առավել կարևոր փաստարկներ են ներկայացվել, որոնք սակայն կառույցի տարեկան հաղորդման՝ ոլորտի մարտահրավերների և խնդիրների համապարփակ և լիարժեք վերլուծության համատեքստում, զարմանալիորեն տեղ չեն գտել: Մասնավորապես Բյուրոյից տեղեկացրել են, որ կազմակերպությունում նշանակվող բարդ և ծավալուն համալիր փորձաքննությունների տեսակարար կշռի մշտապես բարձր մակարդակը, որոշ ուղղություններով Հայաստանի Հանրապետությունում փորձագիտական կարողությունների եզակի լինելը, առաջացնում են անհամաչափ ծանրաբեռնվածություն փորձագիտական գործունեություն իրականացնող պետական կազմակերպությունների միջև, ինչն իր հերթին ևս հանգեցնում է փորձաքննությունների կատարման հնարավորինս սեղմ ժամկետների ապահովման անհնարինության:
Բյուրոյի տնօրենն, ի թիվս այլ փաստարկների, նշել է, որ Կազմակերպությունում ընթացիկ փորձաքննությունների կատարման ժամկետների հետաձգման օբյեկտիվ պատճառ են հանդիսացել նաև 2020, 2021 և 2022 թվականներին Ադրբեջանի կողմից Արցախի տարածքում և Հայաստանի Հանրապետության սահմանամերձ հատվածներում իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով շաբաթներ շարունակ տեղում կազմակերպության պայթյունատեխնիկական, հրդեհատեխնիկական, շինարարատեխնիկական, ապրանքագիտական, ձգաբանական, հետքաբանական, բուսաբանական և որոշ այլ բնագավառների փորձագետների ներգրավմամբ ձևավորված փորձագիտական խմբերի դեպքի վայրերում անրաժեշտ ծավալուն փորձագիտական հետազոտական աշխատանքների, ապացուցողական կամ վարույթային այլ գործողություններին մասնակցություններն ու տվյալ փորձաքննությունների կատարումը, քանի որ դիակների դատաբժշկական և դատագենետիկական փորձաքննություններից զատ, Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ հարուցված քրեական վարույթների շրջանակներում վերը նշված տեսակներով փորձաքննությունների հիմնական ծավալն իրականացվել և իրականացվում է Բյուրոյի ներուժով՝ իր հերթին հանգեցնելով անհամաչափ ծանրաբեռնվածության: Փորձաքննությունների ազգային բյուրոն բարձրացրել է նաև իրավական դաշտի անկատարության, դատական փորձագետների կադրային ռեզերվի բացակայության և այլ առանցքային խնդիրներ, որոնց լուծման ուղղությամբ մինչ օրս գլխավոր դատախազությունը որևէ դիրքորոշում կամ ոլորտամետ տեսանելի քայլ չի ձեռնարկել:
Հաշվի առնելով փորձագիտական կազմակերպության կադրային սահմանափակ հնարավորությունները, Բյուրոյից փորձել են պարզել նաև դատախազության դիրքորոշումը, թե որոշ ուղղություններով, հատկապես՝ դատաշինարարատեխնիկական, ֆինանսատնտեսագիտական և դատահաշվապահական, հրդեհատեխնիկական և պայթյունատեխնիկական, ձգաբանական և հետքաբանական, դենդրոխրոնոլոգիական մեթոդի կիրառմամբ կենսաբանական և տվյալ պահի ընթացիկ ծանրաբեռնվածությանը համապատասխան այլ ուղղություններով նշանակվող փորձաքննությունների մեծ քանակի և ծավալների պայմաններում, փորձաքննությունների իրականացման դատավարական հստակ ժամկետների բացակայության պարագայում դրանց իրականացման շրջանակներում փորձագետների միջնորդությունների չբավարարման կամ մասնակի բավարարման ինչ ժամկետներում են փորձագետներն իրավասու լուծելու փորձաքննությունների ընթացքը, ինչպես նաև ընթացիկ խիստ ծանրաբեռնվածության պայմաններում արդյոք իրավասու են կատարման չընդունել նշանակված հերթական փորձաքննությունները և կուտակումներից խուսափելու նպատակով վարույթն իրականացնող մարմնին ծանրաբեռնվածության և/կամ մեծ ծավալների պատճառաբանությամբ, գործող օրենսդրության պայմաններում, առանց պահանջների կատարման հետ վերադարձնել փորձաքննություն նշանակելու մասին որոշումները, եթե այո, ապա ինչ ժամկետներում: Այս հարցի պատասխանը, սակայն մինչ օրս գլխավոր դատախազությունը չի տվել:
Նշենք, որ Հայաստանում, բացի ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից, գործունեություն են իրականացնում ևս երկու պետական ոչ առևտրային փորձագիտական կազմակերպություններ, մասնավորապես՝ Արդարադատության նախարարության կազմում գործող «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, առողջապահության նախարարության կազմում գործող «Դատական բժշկության գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ-ը, ինչպես նաև ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչությունը, նաև մասնավոր ոլորտի որոշ այլ փորձագիտական կազմակերպություններ:
ՀՀ գլխավոր դատախազի տարեկան հաղորդման բովանդակությունից պարզ է դառնում, որ դատախազությունը նշանակվող փորձաքննությունների ժամկետների հետ կապված ենթադրյալ խախտումների առնչությամբ դիմել է միայն ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ին, մինչդեռ փաստն այն է, որ պետական փորձագիտական կազմակերպություններում ևս մինչդատական քրեական վարույթների շրջանակներում նշանակվում են բազմաթիվ փորձաքննություններ, որոնց ճակատագրով դատախազությունը, պարզվում է, չի հետաքրքրվում, կամ էլ այս կառույցների տրամադրած եզրակացությունները տեղավորվում են դատախազության հետաքրքրությունների շրջանակներում և մեղադրանք պաշտպանող դատախազների համար «գլխացավանք» չեն առաջացնում:
Նկատենք, որ դեռևս մեկուկես տարի առաջ Ազգային ժողովում արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը հայտարարել էր, որ ԱՆ կազմում գործող փորձագիտական կենտրոնում հաջողվել է «մաքրել» դեռևս 2018 թվականից առաջ մնացած ընթացիկ փորձաքննությունները, ինչից ակնհայտ է դառնում, որ տվյալ փորձագիտական կենտրոնում նույնպես առկա են մեկ տարուց ավելի՝ դեռևս 4-5 տարվա վաղեմություն ունեցող փորձաքննություններ: Ավելին, պետական վերահսկողական ծառայության կատարած ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առողջապահության նախարարության կազմում գործող Դատական բժշկության գիտագործնական կենտրոն ՊՈԱԿ-ում դեռևս ավարտված չեն նույնիսկ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված հարյուրավոր զինծառայողների և քաղաքացիական անձանց դիակների դատաբժշկական փորձաքննությունները:
Նման դեպքերը բազմաթիվ են, սակայն անհասկանալի և տարօրինակ է, թե ի՞նչ պատճառով այդ հանգամանքների և դրանց պատճառների, ինչպես նաև կանխարգելման ուղիների մասին գլխավոր դատախազի հաղորդման մեջ որևէ տեղեկատվություն և վերլուծություն առկա չէ: Այս համատեքստում օբյեկտիվ դիտորդի մոտ հարց է առաջանում, թե նման ընդգծված վերաբերմունքը իրազեկվածության բացակայությա՞ն, հասարակության շրջանում խիստ զգայուն խնդիրների բարձրաձայնման ռիսկերից խուսափելու՞, թե գլխավոր դատախազի անձնական ամբիցիաների դրսևորում է:





























