Հունաստանի Գերագույն դատարանի քաղաքացիական և քրեական գործերով դատախազ Ջորջիա Ադիլինին որոշել է քրեական գործ հարուցել ծայրահեղ աջ «Սպարտիատներ» («Սպարտացիներ») կուսակցության պատգամավորների և արգելված «Քրիսի Ավգի» («Ոսկե լուսաբաց») կուսակցության առաջնորդներից մեկի, բանտում գտնվող Իլիաս Կասիդիարիսի նկատմամբ՝ ընտրախախտումների մեղադրանքով։ Այս մասին հայտնում է Աթենքի Մակեդոնական լրատվական գործակալությունը (ANA-MPA):
Մեղադրանքը վերաբերում է «Սպարտիատներ» կուսակցության 10 անդամների և վերջերս ընտրված անկախ պատգամավոր Խարալամպոս Կացիվարդասին, բայց ոչ քաղաքական ուժի ղեկավար Վասիլիս Ստիգկասին։ Ադիլինին Աթենքի դատախազությանը կարգադրություն է ուղարկել ընտրակեղծիքների համար քրեական գործ հարուցելու մասին, նշում է գործակալությունը։
Ըստ ANA-MPA-ի, հետաքննությունը սկսվել է մի քանի ամիս առաջ, երբ Ստիգկասը հրապարակայնորեն դատապարտել է իր կուսակցությունում թաքնված և անօրինական գործողությունները, խոսել մաֆիայի և նրա առաջնորդի մասին՝ փաստացի մատնացույց անելով բանտարկված Կասիդարիներին։ Ստիգկասը երկու անգամ ցուցմունք է տվել Գերագույն դատարանի դատախազին, որն անձամբ հետաքննություն է սկսել: Հետաքննության ընթացքում պարզ է դարձել, որ հենց Կասիդիարիսն է եղել «Սպարտիատներ» կուսակցության իրական ղեկավարը և նշանակալի ներդրում ունեցել խորհրդարանական ընտրություններին նրա մասնակցության գործում։
2020 թվականին Աթենքի դատարանը հունական ծայրահեղ աջ կուսակցությունը՝ «Քրիսի Ավգի»-ն հանցավոր կազմակերպություն է ճանաչել։ Դատավարությունը շարունակվում է 2015 թվականի ապրիլից և համարվում է ամենամեծը Հունաստանում՝ վերջին տասնամյակների ընթացքում «սև գնդապետների» պրոֆաշիստական խունտայի առաջնորդների դատավարությունից հետո (1967-1974): «Քրիսի Ավգի»-ի առաջնորդ Նիկոս Միխալոլիակոսը և ևս հինգ նախկին պատգամավորներ դատապարտվել են 13-ական տարվա ազատազրկման։ Կասիդիարիսը ներկայումս պատիժ է կրում երկրի կենտրոնական մասի բանտում: Ըստ լրատվամիջոցների՝ բանտից նա ներգրավված է եղել երեք նոր ծայրահեղ աջ կուսակցությունների կազմակերպման մեջ՝ «Էլլիններ» (հույներ), «Հույները հանուն հայրենիքի և ազատության» և «Սպարտիատներ»:





























