Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության բարձր հանձնակատար Ժոզեպ Բորելը ԵՄ պաշտոնական կայքի իր բլոգում հոդված է գրել ռուսական տնտեսության վրա պատժամիջոցների ազդեցության մասին:
Բորելը, մասնավորապես, նշել է, որ ՌԴ իշխանությունները պարբերաբար հայտարարում են, թե Ռուսաստանի տնտեսությունն իրականում չի տուժի Արևմուտքի պատժամիջոցներից, և որ ժամանակը Ռուսաստանի օգտին է աշխատելու Ուկրաինայի դեմ արյունալի պատերազմում։ Սակայն այս գաղափարները չեն դիմանում քննադատությանը։
«Մեր պատժամիջոցներն արդեն զգալիորեն թուլացրել են ռուսական տնտեսությունը, և երկրի ապագան օրեցօր ավելի մռայլ է դառնում, քանի որ Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ։ Բախվելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին, Եվրամիությունը մինչ այժմ միաձայն ընդունել է պատժամիջոցների 13 փաթեթ։ Սակայն վերջին ամիսներին հաճախ ենք լսում, որ այս աննախադեպ պատժամիջոցները գուցե արդյունավետ չեն: Նման պնդումները հատկապես շատացան, երբ ռուսական իշխանությունները հայտարարեցին 2023 թվականին ՀՆԱ-ի 3,6 տոկոս աճի մասին»,- գրել է նա։
Ըստ Բորելի՝ ԵՄ-ն մշտապես շեշտել է, որ պատժամիջոցների ակնթարթորեն չեն ազդի, և որ դրանց նպատակն է եղել միջնաժամկետ հեռանկարում թուլացնելու ռազմական ջանքերը պահպանելու՝ Ռուսաստանի կարողությունը։
Եվրոպական դիվանագիտության ղեկավարի համոզմամբ՝ այդ քայլերը արդեն սկսում են հասել իրենց նպատակին: «Մեր պատժամիջոցներն արդեն հարվածում են Ռուսաստանի գրպանին»,- ընդգծել է Բորելը և իր հայտարարությունները հաստատող փաստեր նշել։
Մասնավորապես, նա շեշտել է, որ 2022 թվականի գարնանից ածխի և նավթի եվրոպական էմբարգոյի և Մեծ Յոթնյակի երկրների սահմանած նավթի արտահանման գնային սահմանափակումների շնորհիվ հանածո վառելիքի արտահանումից Ռուսաստանի եկամուտները կրկնակի նվազել են։
Ըստ Բորելի՝ Ռուսաստանում գնաճի տարեկան տեմպերը եվրոգոտում նկատվող 2,6 տոկոսի համեմատ ներկայում գերազանցում են 8 տոկոսը։ Միջին վիճակագրական ռուսաստանյան ընտանիքի բյուջեում սննդամթերքի ծախսերն աճել են՝ ընդհանուր առմամբ հասնելով ավելի քան 30%-ի։ Բացի դրանից, 2022 թվականի գարնանից ռուբլին անկում է ապրում։ Ռուբլու արժեզրկումն անդրադառնում է ներմուծվող ապրանքների գնաճի վրա։
«Պատերազմին առնչվող հսկայական ծախսերը, ներմուծման ավելի բարձր ծախսերը և աշխատաշուկայի սահմանափակությունը նշանակում են, որ գնաճը Ռուսաստանում դեռ բարձր կմնա և Կենտրոնական բանկին կստիպի բարձր պահել տոկոսադրույքները», - շեշտել է նա։
Բորելը նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունը փաստացի արդեն զգալիորեն թուլացել է պատժամիջոցների պատճառով։ «Ժամանակի ընթացքում դրանց ազդեցությունը գնալով ավելի նկատելի կլինի, քանի որ ոչնչացվում է մարդկային կապիտալը, վատանվում են ներդրումների ծավալն ու որակը, իսկ երկիրն ինքը զրկվում է իր ապագան ապահովելու համար անհրաժեշտ առաջադեմ տեխնոլոգիաներից»,- ընդգծել է ԵՄ բարձրագույն հանձնակատարը։





























