ՄԱԿ-ի Միջազգային դատարանում երկուշաբթի օրը կսկսվեն նախնական լսումներն այն գործով, որի նպատակն է դադարեցնել գերմանական ռազմական և այլ օգնությունը Իսրայելին, ինչը հիմնված է Նիկարագուայի այն պնդումների վրա, որ Բեռլինը «նպաստում է ցեղասպանական գործողություններին և միջազգային իրավունքի խախտումներին Գազայում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի պատերազմում, տեղեկացնում է  AP-ն։

Միևնույն ժամանակ Իսրայելը հերքում է, որ իր ռազմական արշավը Ցեղասպանության մասին կոնվենցիայի խախտում է։

«Մենք հանգիստ ենք և մեր իրավական դիրքորոշումը կներկայացնենք դատարանում, - լրագրողներին ասել է Գերմանիայի ԱԳՆ խոսնակ Սեբաստիան Ֆիշերը։- Մենք մերժում ենք Նիկարագուայից հնչող մեղադրանքները։ Գերմանիան չի խախտել ո՛չ ցեղասպանության կոնվենցիան, ո՛չ միջազգային մարդասիրական իրավունքը, և մենք դա մանրամասն կներկայացնենք Միջազգային դատարանում»:

Նիկարագուան դատարան է դիմել նախնական որոշումներ կայացնելու խնդրանքով, որոնք հայտնի են որպես ժամանակավոր միջոցներ, այդ թվում, որպեսզի Գերմանիան «անհապաղ դադարեցնի իր օգնությունն Իսրայելին, մասնավորապես ռազմական օգնությունը, ներառյալ ռազմական տեխնիկան, քանի որ այդ օգնությունը կարող է օգտագործվել ցեղասպանության կոնվենցիայի և միջազգային իրավունքի խախտմամբ»: .