Նրանք թափառում են պալատի այգիներով՝ հետևելով աղավնիներին և նկարահանվում էպիզոդիկ  դերերում մամուլի համար  հեռուստատեսային  ճեպազրույցներում։ Ոմանք դռան մոտ ողջունում են զբոսաշրջիկներին, իսկ մյուսները թաքուն փորձում են  անձնակազմի պաղպաղակը:

Տասնինը վայրի կատու  ազատորեն զբոսնում են Մեքսիկայի Ազգային պալատում՝ երկար թափառելով փարթամ այգիներով և  երկրի ամենանշանավոր շենքերի պատմական սյունազարդ սրահներով, գրում է AP-ն։

«Նրանց մուտքն ազատ է պալատի բոլոր մասերում, ուստի նրանք ներկա են լինում հանդիպումների, հարցազրույցների ժամանակ և հայտնվում տեսախցիկների օբյեկտիվներում»,- պատմել է պալատի անասնաբույժ Խեսուս Արիասը, երբ նրա մի քանի կատու-ընկերները քսվում էին նրա կոճերին:

Իսկ այժմ պալատական ​​կատուները մեծ աղմուկ են բարձրացրել այն ​​բանից հետո, երբ Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորի կառավարությունը նրանց «կենդանի ամրագրված ակտիվներ» է հայտարարել։ Այսպիսով, այս կատուները դարձել են Մեքսիկայում այս կոչումը ստացած առաջին կենդանիները։

«Ամրագրված ակտիվ» տերմինը սովորաբար կիրառվում է շենքերի և կահույքի նկատմամբ, սակայն կիրառելով այն կատուների նկատմամբ՝ Լոպես Օբրադորի կառավարությունը պարտավորեցրել է երկրի գանձարանին կերակրել և խնամել նրանց ամբողջ կյանքի ընթացքում, նույնիսկ այն բանից հետո, երբ հոկտեմբերին առաջնորդը հեռանա պաշտոնից։  

«Կատուներն այժմ Ազգային պալատի խորհրդանիշն են: Ճիշտ այնպես, ինչպես մենք հասկանում ենք այս աշխարհը, ես չէի կարողանա հասկանալ Ազգային պալատը առանց այս կատուների ներկայության,- ասել է Ազգային պալատի և մշակութային ժառանգության ծառայության գլխավոր տնօրեն Ադրիանա Կաստիլյո Ռոմանը:-  Մենք պետք է համոզվենք, որ կատուների մասին հոգ են տանում»: