Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով մեկնել է Չինաստան։ Նրան տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարել Պեկինի «Շոուդու» օդանավակայանում, տեղեկացրել է ՏԱՍՍ-ը։
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ տեղեկացրել էր, որ Լավրովը Պեկինում բանակցություններ կվարի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։
Նրա խոսքով՝ նախարարները կքննարկեն նաեւ իրավիճակն Ուկրաինայում եւ Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, երկկողմ համագործակցության եւ միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերը։
Նախարարի այցը կշարունակվի ապրիլի 8-9-ին։ Վերջին անգամ Լավրովը Պեկին այցելել էր 2023թ. հոկտեմբերին, երբ այնտեղ ընթանում էր «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» երրորդ միջազգային համաժողովը։





























