Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչությունում հայտնել են, որ երկիրը կապ չունի Զապորոժիեի ԱԷԿ-ի դեմ գրոհների հետ, որոնք վերջին ժամանակներս հաճախակիացել են։
Կիրակի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) ղեկավար Ռաֆայել Գրոսին հայտնել է ԶԱԷԿ տարածքում դրոնի պայթելու մասին՝ չճշտելով, թե հակամարտության կողմերից որն է այն արձակել։
Մի փոքր ավելի ուշ Գրոսին տեղեկացրել է առնվազն երեք ուղիղ խոցումների մասին ԶԱԷԿ ռեակտորի պաշտպանական թաղանթի հիմնակառույցին՝ հարվածներն անվանելով խելահեղ, որոնք զգալիորեն գերազանցում են խոշոր միջուկային վթարի ռիսկը։
«Ուկրաինան կապ չունի Ռուսաստանի կողմից անօրինաբար օկուպացված ԶԱԷԿ տարածքի զինված սադրանքների հետ։ Ագրեսոր պետությունը հերթական անգամ վտանգի է ենթարկում միջուկային օբյեկտը, քաղաքացիական բնակչությանը եւ ամբողջ Եվրոպայի շրջակա միջավայրը։ Ռուսական հարվածները, մասնավորապես, ատոմակայանի տարածքին հասցված հարվածները, իմիտացիոն են, ԱԷԿ-ի տարածքում զորքեր եւ սպառազինություններ տեղակայելը, ատոմակայանի օբյեկտների ականապատումը վաղուց հայտնի են»,- ասել է հետախուզության վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը «Ուկրաինսկայա պրավդա»-ի մեկնաբանությունում։
Զապորոժիեի ԱԷԿ-ը ռուսական զորքերն օկուպացրել են 2022թ. գարնանը եւ պարբերաբար գնդակոծում են այն, գնդակոծությունների համար Ռուսաստանը եւ Ուկրաինան փոխադարձաբար մեղադրում են միմյանց։





























