Գերմանիայի կառավարությունը գրանցվել է TikTok տեսահարթակում և այսուհետև այդ հարթակում հանրությանը կտեղեկացնի կանցլեր Օլաֆ Շոլցի և նրա ղեկավարած կաբինետի աշխատանքի մասին։ Դրա մասին լրագրողներին հայտնել է Նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Հեբեստրեյթը։

«Կառավարության մամուլի ծառայությունն արդեն TikTok-ում կլինի։ Այսօր գործարկվել է @TeamBundeskanzler ալիքը»,- նշել է Հեբեստրեյթը։ Ըստ կառավարության պաշտոնական ներկայացուցչի՝ Գերմանիայի կաբինետի մամուլի ծառայությունը, նոր ալիքի շնորհիվ, ընդլայնում է իր տեղեկատվական դաշտն այն քաղաքացիների համար, որոնք քաղաքականության մասին ավելի ու ավելի են տեղեկացվում և կարծիքներ փոխանակում, ներառյալ՝ TikTok-ում։

Հեբեստրեյթը նշել է, որ կանցլերի աշխատանքի և կառավարության վարած քաղաքականության մասին տեղեկություն տրամադրելուց բացի, նոր ալիքը տեղ կտա մեկնաբանություններին, հարցերին և նախաձեռնություններին: Նա հավելել է, որ TikTok-ի մասին տեղեկությունը հիմնականում ուղղված կլինի երիտասարդ լսարանին: Նախարարների կաբինետի ներկայացուցիչը պարզաբանել է, որ դաշնային մամուլի գրասենյակում սոցիալական ցանցերի խմբագրությունն արդեն պահպանում է կառավարության և կանցլերի հաշիվները Instagram-ում, Facebook-ում, X (նախկինում՝ Twitter), ինչպես նաև Youtube-ում և Mastodon-ում։

Փետրվարի 29-ին Շոլցը TikTok-ի հնարավոր օգտագործումը քննարկելը ճիշտ էր համարել, իսկ մարտի 1-ին կաբինետի խոսնակ Վոլֆգանգ Բյուխները հայտարարել էր, որ Գերմանիայի կառավարությունն ուսումնասիրում է այս տեսահարթակում գրանցվելու հնարավորությունը։