Ըստ BFMTV-ի՝ կիրակի ոստիկանները ներխուժել են Բուրգունդիայի Ավալոն քաղաքի քաղաքագլուխ Ջամիլի Աբսավիի առանձնատուն, որտեղ հայտնաբերել են մոտ 70 կիլոգրամ կանեփ։
Այս բացահայտումից հետո 7 հոգի ձերբակալվել է, որոնց թվում՝ Ավալոնի քաղաքապետն ու նրա երկու եղբայրները։
Ձերբակալվածներից մեկն ավելի վաղ հայտնվել էր իրավապահների ուշադրության կենտրոնում թմրամիջոցների ապօրինի շրջանառությանն առնչվող հնարավոր հանցակցության կասկածանքով, և հիմնականում հենց նրա պատճառով էր խուզարկություն անցկացվել։
Ըստ ոչ պաշտոնական տեղեկությունների՝ կանեփը գտել են քաղաքապետի առանձնատան կցակառույցում։ Խուզարկություններ են արվել նաև քաղաքի դեղատներից մեկում և քաղաքապետարանի սենյակներում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ խուզարկությունների արդյունքում առգրավվել է նաեւ գրեթե մեկ կիլոգրամ կոկաին, 7 հազար եվրո կանխիկ գումար եւ 20 ոսկու ձուլակտոր։
Հետաքննության նախնական փուլում քննիչները փորձում են պարզել՝ արդյոք քաղաքապետը տեղյա՞կ է եղել, որ իր բակում թմրանյութ է պահվում։




























