Վրաստանի խորհրդարանի բյուրոն գրանցել է այսպես կոչված «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը, որը իրավական հանձնաժողովը նախատեսում է քննարկել ապրիլի 12-ին:
Ըստ վրացական SOVA անկախ գործակալության՝ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը կրկին նախատեսում է ընդունել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը, որը նախկինում բողոքի բուռն ալիք էր բարձրացրել և արժանանալով Արևմուտքի քննադատությանը՝ հետ կանչվել։
Կուսակցությունը նշում է, որ օրենքը տարածվելու է ոչ կառավարական կազմակերպությունների և լրատվամիջոցների վրա և կոչվելու է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենք։
Անցյալ տարի՝ վիճահարույց օրենքն առաջ մղելու ձախողված առաջին փորձից հետո, իշխող կուսակցությունը, ի հեճուկս հասարակական կարծիքի, վերստին վերադառնում է իր նպատակին: Վարչապետ Իրակլի Կոբախիձեն ակնարկել է, որ չնայած հասարակության և լրատվամիջոցների բացասական արձագանքին, այս անգամ իշխանություններն օրենքը կհաստատեն։
«Օտարերկրյա գործակալների» մասին օրենքն անցկացնելու նոր փորձերը դատապարտել են ինչպես Վրաստանի ընդդիմությունը, հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները, այնպես էլ արևմտյան երկրների ներկայացուցիչները՝ Եվրախորհրդարանի պատգամավորները, Գերմանիայի կառավարության, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, միջազգային ոչ կառավարական, իրավապաշտպան Human Rights Watch կազմակերպությունը, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, ԱՄՆ Պետքարտուղարությունը, Արևելյան գործընկերության երկրների շուրջ 200 հասարակական կազմակերպություններ և այլն: Կրեմլը քաջալերել է «Վրացական երազանք»-ին այս ծրագրի համար։
Օրինագիծը խորհրդարանում ներկայացնելու մասին հատուկ ճեպազրույցում հայտարարել էր իշխող կուսակցության խորհրդարանական մեծամասնության առաջնորդ Մամուկա Մդինարաձեն:
Ավելի ուշ նա հայտարարեց, որ այն կազմակերպությունները (ՀԿ-ներ և լրատվամիջոցներ), որոնց օտարերկրյա ֆինանսավորումը կազմում է ավելի քան 20 տոկոս, 2025 թվականի հունվարից պետք է եկամուտների և ծախսերի հայտարարագիր լրացնեն։





























