Գերմանիայի արևմուտքում գնացքի վրա դանակով հարձակման հետևանքով մեկ մարդ ծանր վիրավորվել է։

Ըստ Bild պարբերականի՝ երկուշաբթի կեսօրին Ռայնլանդ-Պֆալց դաշնային երկրամասում դանակով հարձակում է տեղի ունեցել Կոբլենցից Ռեյնի Լանշտեյն մեկնող գնացքում: Հարձակման հետևանքով մի տղամարդ ծանր վիրավորվել է։ Տուժածի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում։

Ենթադրյալ հանցագործը կալանավորվել է։

Ավելի ուշ ոստիկանությունը մի շարք լրացուցիչ մանրամասներ է հայտնել դեպքի վերաբերյալ։ Մասնավորապես, հաղորդվում է, որ վիրավորվել է 20-ամյա իրանցի, իսկ հարձակվողը 35-ամյա եկվոր էր Սուդանից։ Գնացքում տղամարդկանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել, որից հետո սուդանցին հարձակվել է իրանցու վրա։

Միջադեպի պատճառով երկաթուղու այս հատվածում գնացքների երթևեկությունը հետաձգվել է: