ՌԴ Քննչական կոմիտեն ստուգումներ է անցկացնում «Կրոկուս»-ի մասնավոր հրշեջ կայանում։ Ահաբեկչության օրը կայանի աշխատակիցները փախել են՝ չփորձելով անգամ հանգցնել կրակը։ Դրա մասին հայտնել է «Baza» թելեգրամյան ալիքը.

Փաստաբան Իգոր Տրունովի դիմումում նշվում է, որ «Կրոկուս»-ի հարևան շենքում սեփականատիրոջ ենթակայության մասնավոր հրշեջ ծառայություն է գործում՝ հագեցած  հատուկ տեխնիկայով, հանդերձանքով և «Կրոկուս»-ի խորհրդանիշներով մեքենաներով։ Ընդ որում, յուրաքանչյուր մեքենայի համար նախատեսված է 4 հրշեջից բաղկացած ջոկատ և մեկ պահակապետ: Եվ քանի որ նրանք հերթապահում են երկու օրը մեկ, հրշեջ կայանը պետք է ունենա առնվազն 15 աշխատող յուրաքանչյուր մեքենայի համար։

Փաստաբանը պարզաբանել է, որ «Կրոկուս»-ից մինչև հրշեջ կայան հեռավորությունն ընդամենը 900 մետր է։

Ահաբեկչության օրը սեփականատիրոջ հրահանգով բրիգադներով հատուկ տեխնիկան պետք է տեղ հասներ 3-5 րոպեի ընթացքում։ Հրշեջներից պահանջվում էր կոտրել դռները, մարդկանց տարհանել այրվող շենքից և հանգցնել կրակը։ Սակայն նրանց անգործությունը հանգեցրել է հրդեհի արագ տարածմանը եւ մեծ թվով մահացությունների։

Մասնավոր հրշեջներն ահաբեկչության օրը լքել են տարածքը և չեն մասնակցել հրդեհի մարման գործին։ Նրանք պարզապես փախել են՝ լքելով մեքենան։