Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն գործ է հարուցել Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի 205.1 հոդվածի 4-րդ մասով (ահաբեկչության ֆինանսավորում) Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի երկրների բարձրաստիճան պաշտոնյաների դեմ: Այս հոդվածով նախատեսված առավելագույն պատիժը ցմահ ազատազրկումն է։
«Հաստատվել է, որ առևտրային կազմակերպությունների, մասնավորապես՝ Ուկրաինայում գործող նավթագազային Burisma Holdings ընկերության միջոցով ստացված գումարները վերջին տարիներին օգտագործվել են Ռուսաստանի Դաշնությունում, ինչպես նաև նրա սահմաններից դուրս երևելի քաղաքական և հասարակական գործիչներին վերացնելու և տնտեսական վնաս պատճառելու նպատակով ահաբեկչական գործողություններ իրականացնելու համար»,- ասված է գերատեսչության մամուլի ծառայության տրամադրած հայտարարությունում։
Պետդումայի պատգամավորները համապատասխան հետաքննություն անցկացնելու խնդրանքով դիմել են քննիչներին։
Քննչական կոմիտեից հայտնել են, որ ներկայում ստուգում են «մի քանի միլիոն դոլարի չափով» միջոցների աղբյուրները և հետագա տեղաշարժը, արևմտյան կոնկրետ պաշտոնյաների և կազմակերպությունների ներգրավվածությունը և ահաբեկչությունների հեղինակների կապերն «օտարերկրյա համակարգողների, կազմակերպիչների և հովանավորների հետ»։
Գերատեսչությունը չի հստակեցրել, թե ինչ ահաբեկչական հարձակումների մասին է խոսքը։





























