Դմիտրի Պեսկովը լրագրողների խնդրանքով մեկնաբանել է հեղեղված Օրսկում նախօրեին անցկացված հանրահավաքը, որի ժամանակ բնակիչները քննադատել են տեղի իշխանություններին և վանկարկել՝ «Պուտին, օգնի՛ր»։

Ըստ Պեսկովի՝ տուժած շրջանների բնակչության հետ մշտական ​​ուղիղ կապ կա բոլոր մակարդակներում, տեղակայվել են տեղեկատվական համակարգեր, օգնություն են ցուցաբերում կամավորները և ԱԻՆ-ը, որի աշխատակիցներն անձնուրաց աշխատում են։

«Բնակչության հետ ինտենսիվ աշխատանք է տարվում։ Շփումները կատարվում են ծանր պայմաններում, բնակչությանը ցուցաբերվում է անհրաժեշտ ամբողջ օգնությունը»,- հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։

Պեսկովը նշել է, որ Կրեմլում տեսել են կադրերը, որոնցում Օրենբուրգի մարզի նահանգապետը բնակիչներից պահանջում է պահել հեռախոսները և չտեսանկարահանել հանդիպումը։

Կրեմլի խոսնակը միաժամանակ նշել է, որ «շատ մարդիկ սկզբում հրաժարվել են տարհանվել»։ Իսկ հիմա նրանց ավելի ծանր պայմաններում պետք է օգնություն ցուցաբերվի, այնուամենայնիվ, այդ օգնությունը տրամադրվում է։

Պատասխանելով հարցին, թե արդյոք նախագահը կարձագանքի բնակիչների կոչին և անձամբ կգա տուժած շրջաններ, Պեսկովն ասել է, որ թեև Վլադիմիր Պուտինն այնտեղ ֆիզիկապես ներկա չէ, բայց մշտապես զբաղվում է այդ հարցերով։