Հայաստանում լիարժեք և ընդգրկուն ԴՆԹ տվյալների բազայի ձևավորումն ու կիրառումը առաջնային խնդիր է: Այս մասին այսօր՝ ապրիլի 10-ին «Դատական ԴՆԹ տվյալների բազայի զարգացման ծրագրերը Հայաստանում» թեմայով միջազգային տարածաշրջանային սիմպոզիումի ընթացքում հայտարարեց ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի ղեկավար Արգամ Հովսեփյանը:
«Տարիներ շարունակ դատաբժշկական փորձաքննությունների շրջանակներում խնդիր էր դրված իրականացնել նաև դատագենետիկական փորձաքննություններ, սակայն այս ուղղությամբ շոշափելի արդյունքներ չէին արձանագրվում: Գործընթացի կարևորությունն առավել տեսանելի դարձավ 2020թ. 44-օրյա պատերազմից հետո, երբ Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիայի հետևանքով աննախադեպ ծավալի փորձաքննություններ իրականացնելու անհրաժեշտություն առաջացավ, և այդ ողջ բեռն ընկավ մեր գործընկերների վրա: Այս համատեքստում, գնահատելով խնդրի կարևորությունը, նպատակ ունենալով որակյալ փորձաքննությունների իրականացմամբ օժանդակել դատաքննչական մարմիններին, մենք հետամուտ եղանք ոլորտի զարգացման ապահովմանը: Մասնավորապես 2022-ին մեզ հաջողվեց Բյուրոյի դատաբժշկական փորձաքննությունների բաժինը համալրել անհրաժեշտ նորագույն նյութատեխնիկական բազայով և 2023թ. հունվարից գործարկել դատագենետիկական փորձաքննությունների լաբորատորիան»,-իր խոսքում նշեց Բյուրոյի ղեկավարը:
Արգամ Հովսեփյանը շնորհակալություն հայտնեց միջազգային գործընկերներին ԴՆԹ լաբորատորիայի՝ միջազգային չափանիշներին համապատասխան հավատարմագրման գործընթացի և որակի ապահովման հարցում զգալի աջակցության համար:
«Գիտությունը սահմաններ չի ճանաչում, և յուրաքանչյուր փորձաքննություն գիտական տվյալների կիրառումն է գործնականում՝ կոնկրետ դեպքում»,-նշեց դատափորձագիտական կառույցի ղեկավարը:
Խոսելով ոլորտում առկա հիմնախնդիրներից, Արգամ Հովսեփյանը նշեց, որ Հայաստանը դեռևս չունի դատափորձագիտական գործունեության մասին օրենք, որը հավասար պայմաններ կստեղծի Հայաստանում դատափորձագիտական գործունեություն ծավալող կառույցների համար, ինչպես նաև կկարգավորի փորձագետի որակավորման և ոլորտին առնչվող այլ կարևոր գործընթացների միատեսակ կիրառումը:
Անդրադառնալով Հայաստանում համակարգված ԴՆԹ տվյալների շտեմարանի բացակայության խնդրին, Արգամ Հովսեփյանն ընդգծեց այս առումով լուրջ իրավական հիմքերի ձևավորման անհրաժեշտությունը:
«ԴՆԹ տվյալների բազաների ձևավորումը առանձնահատուկ ոլորտ է, հաշվի առնելով, որ գործ ունենք մարդու հիմնարար իրավունքների, բժշկական գաղտնիքի և այլ կարևոր հանգամանքների հետ: Դատագենետիկական փորձաքննությունների իրականացումը բավականին բարդ և լուրջ գործընթաց է՝ ճիշտ նմուշառումից մինչև փորձաքննության պատշաճ իրականացում: Այս համատեքստում մեզ համար արժեքավոր է ինչպես քրեական վարույթ իրականացնող մարմինների դիրքորոշումը, այնպես էլ շահագրգիռ պետական գերատեսչությունների» ,- ասաց նա՝ վերահաստատելով ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման հարցում Փորձաքննությունների ազգային բյուրոյի պատրաստակամությունը:
«Մենք հանձնառու ենք և պատրաստակամ դատափորձագիտական ոլորտում գործունեություն ծավալող մեր գործընկերների հետ կարճ ժամանակահատվածում ունենալ այնպիսի կատարյալ համակարգ՝ այդ թվում ԴՆԹ տվյալների բազաների ձևավորման առումով, որը կհամապատասխանի ժամանակակից պահանջներին և կնպաստի Հայաստանի Հանրապետությունում իրավակարգի ամրապնդմանը և օրենքի գերակայության ապահովմանը»,-շեշտեց Հովսեփյանը՝ հույս հայտնելով, որ կարճ ժամանակահատվածում կստեղծվեն այնպիսի իրավական հիմքեր, որոնք կնպաստեն ՀՀ-ում ԴՆԹ տվյալների բազաների ձևավորմանը և արդյունավետ կիրառմանը:





























