Հայաստանում գարեջրային սեզոնը մոտենում է իր ավարտին, սակայն գարեջրային կրքերը բորբոքվում են նոր ուժգնությամբ: «Երեւան գարեջուր» ընկերության սեփականատեր Հակոբ Հակոբյանը խորհրդարանական քննարկումների ժամանակ արդեն հասցրել է հայտարարել, որ տեղական արտադրության գարեջուրը կթանկանա 42 դրամով, ինչին ֆինանսների փոխնախարար Սուրեն Կարայանը հակադարձել է, թե 1 շշի վրա 20 դրամ ավելացում է սպասվում ընդամենը, ու դա սպառման ծավալների վրա չի ազդի: Այստեղ զավեշտն այն է, որ երկուսն էլ ճիշտ են` ակցիզը սահմանվում է 1 լիտրի հաշվով, իսկ գարեջուրը վաճառվում է կես լիտրանոց շշերով:
Կառավարությունն առաջարկում է տեղական արտադրության գարեջրի 1 լիտրի ակցիզը ներկայիս 70 դրամի համեմատ սահմանել 105 դրամ` հավասարեցնելով ներմուծվողների ակցիզին: Քանի որ մեր արտադրողները ակցիզը որպես կանոն ներառում են գնի մեջ, պետք է ենթադրել, որ գարեջրի 1 շշի առնվազն 17 դրամ թանկացումը հարջորդ տարի երաշխավորված է: Իսկ թե դա ինչպես կանդրադառնա սպառողների հակումների վրա` թողնենք ապագային:
Նշենք, որ Հայաստանը տարեկան սպառում է մոտ 18-19 հազ. տոննա գարեջուր (36-38 մլն շիշ): Այսինքն` յուրաքանչյուր հայաստանցու հաշվով տարեկան սպառվում է 10-15 շիշ գարեջուր:
Սպառված գարեջրի մոտ 25 տոկոսը արտասահմանյան արտադրության է:
Եթե հաշվի առնենք, որ մանրածախ ցանցում գարեջրի միջին գինը 1 շշի հաշվով 305 դրամ է(ըստ պաշտոնական վիճակագրության), ու այդ գումարում ներառված է 50 դրամ ակցիզ, ապա ստացվում է, որ գարեջրից պետական բյուջեն 2012 թ. կստանա մոտ 1.8-2 մլրդ դրամ եկամուտ միայն ակցիզի գծով, որից 1.3-1.4 մլրդ դրամը` տեղական արտադրության հաշվին:
Ակցիզի դրույքաչափի ավելացումը, սպառման ծավալների անփոփոխության պարագայում, թույլ կտա պետական բյուջեին լրացուցիչ 400-500 մլն դրամի եկամուտ ունենալ:
Սամվել Ավագյան




























