Մոնիթորինգի եւ արդյունավետ կառավարման կենտրոնը ակցիա է իրականացրել՝ ընդդեմ «Հրազդան» մարզադաշտի հարակից տարածքում առեւտրի կենտրոնի կառուցման: Հասարակական կազմակերպության անդամների համոզմամբ՝ անթույլատրելի է Երեւանի քաղաքապետարանի հանդուրժողականությունը այս խնդրի շուրջ:
Նշենք, որ «Հրազդան» մարզադաշտի վարձակալ, Հանրապետական կուսակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը ցանկանում է մարզադաշտի տարածքում գործող տոնավաճառը քանդել, եւ տեղում կառուցել առեւտրի կենտրոն՝ այսինքն կապիտալ շինություն, ինչը անթույլատրելի է համարել Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ իր տված փորձագիտական եզրակացությունում, քանի որ տոնավաճառը գործում է մարզադաշտի տարհանման գոտում: Այսինքն՝ ֆուտբոլային հանդիպումների ժամանակ այս տարածքն անհրաժեշտ է մարզասերների ժամանման եւ մեկնման համար, իսկ արտակարգ իրավիճակների դեպքում այն առավել կենսական դեր է իրականացնում:
Ըստ Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանի՝ մարզադաշտում խաղերի անցկացման դեպքում այնտեղ կարող է 50 հազար մարզասեր ընդունել, եւ նրանց տարհանման համար նախատեսված տարածքները անձեռնմխելի պետք է լինեն, եւ որեւէ նորմով չի կարելի թույլատրել այլ նպատակների համար օգտագործել դրա ցանկացած մասը:
Նշենք, որ հետխորհրդային տարածքում «Հրազդան» մարզադաշտը երրորդն է մեծությամբ, Մոսկվայի «Լուժնիկի»-ից եւ Կիեւի «Օլիմպիյսկի»-ից հետո: Իսկ նման մարզադաշտ կառուցելու համար, այսօր անհրաժեշտ են հարյուր միլիոնավոր դոլարներ:




























