Politico-ն, հղում անելով ամերիկյան վարչակազմում իր աղբյուրներին, հայտնում է, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության հաջորդ փաթեթը սովորականից զգալիորեն ավելի մեծ կլինի և կուղարկվի անմիջապես այն բանից հետո, երբ Սենատը վերջնականապես հաստատի Կիևին օգնության մասին օրենքը, որը վերջերս ընդունվել էր Ներկայացուցիչների պալատի կողմից։ 

Ըստ ԱՄՆ-ի պաշտոնյաների, որոնք չեն հայտնել իրենց անունները, նոր փաթեթը կներառի զրահատեխնիկա, ինչպես նաև հակաօդային պաշտպանության միջոցներ և հրետանի։

Մասնավորապես, Politico-ի զրուցակիցները նշում են, որ ԱՄՆ-ն Ուկրաինային կմատակարարի Bradley զրահափոխադրիչների, Humvee ջիպերի և M113 զրահափոխադրիչների նոր խմբաքանակ։

Պարբերականի աղբյուրներից մեկի համաձայն, նախագահ Ջո Բայդենի վարչակազմը պատրաստում է «հսկայական փաթեթ, որը կօգնի բավարարել Ուկրաինայի մարտադաշտի կարիքները»։ Այն կներառի նաև հրետանի և հակաօդային պաշտպանության միջոցներ։

Ակնկալվում է, որ երեքշաբթի օրը ԱՄՆ Սենատը վերջնականապես կհաստատի Ուկրաինայի օգնության օրինագիծը, որով Կիևին ընդհանուր առմամբ մոտ 61 միլիարդ դոլարի օգնություն կտրամադրվի։

Սրանից հետո Բայդենը պետք է ստորագրի օրենքը, և այն ուժի մեջ կմտնի։