Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Այս մասին հայտնում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։

Չինաստանի առաջնորդը պետքարտուղարին ընդունել է ապրիլի 26-ի կեսօրին Պեկինի ժողովրդի մեծ դահլիճում։ Այլ մանրամասներ հեռուստատեսային ռեպորտաժում դեռ չեն հաղորդվում։ Ավելի վաղ, Պեկինում Բլինքենը հանդիպել է Չինաստանի արտգործնախարար Վան Յիի հետ։

ԱՄՆ պետքարտուղարը Շանհայ է ժամանել ապրիլի 24-ին՝ սկսելով աշխատանքային այցը Չինաստան։ Ինքնաթիռի աստիճանների մոտ նրան դիմավորել է քաղաքային կառավարության արտաքին հարաբերությունների կոմիտեի ղեկավար Կոնգ Ֆուանը։ Բլինքենը Չինաստանում կլինի ապրիլի 24-26-ը։