Գյումրի քաղաքի միջուկը՝ Կումայրին, համարվում է աշխարհի 100 անհետացող թանգարաններից մեկը: Խոսքը «Կումայրի» արգելոցի կառույցների մասին է, որոնք բացի այն, որ պատմում են քաղաքի պատմության, ժողովրդի կենցաղավարության մասին, նաեւ իրենց մեջ ամփոփում են հին արժեքներ: Բազմաթիվ ծրագրեր են եղել, բազմաթիվ գաղափարներ, թե ինչպես փրկեն անհետացող կառույցները ոչնչացումից, սակայն գործանակում որեւէ ծրագիր չի գործել: Լավագույն դեպքում այն տները, որոնք դեռ բնակիչ ունեն ներքին կոսմետիկ նորոգման են ենթարկվել, մյուսները ամեն օր ավելի վթարային են դառնում:

Ժամանակի ընթացքում տների մեծ մասը դատարկվել է, քանի որ բնակիչներին արգելել են վերանորոգել, որպեսզի «Կումայրիի» տեսքը չխաթարվի, իսկ կառավարական մակարդակով ոչինչ չի արվել: Շատերը հեց այդպես էլ ապրում են՝ կիսաքանդ տներում: Դրանցից մեկը` Աստղիկ Վենետիկյանի բնակարանը, 22 սենյականոց է: Այն ձեռք է բերել նրա մորական պապը՝ 1907թ-ին: Տանն ապրել են գերդաստանով՝ 4-5 ընտանիք է բնակվել: 5 մուտք ունի տարբեր տեղերից, բայց եւ այնպես կառույցի սենյակները իրար հետ կապ ունեն: «Այստեղ ավելի քան 25 հոգի մարդ է բնակվել, մեր ընտանիքը, մորաքրոջս ընտանիքը, քեռիներս, պապս ու տատս»,-ասել է Աստղիկ Վենետիկյանը:

Հիմա 22 սենյականոց բնակարանի մեջ Աստղիկ Վենետիկյանը մի սենյակում է բնակվում: Նա ամեն ինչ պահպանել է, աթոռը, որի վրա փոքր ժամանակ նստել է մորաքույրը, տատի ու պապի ամուսնության հրավիրատոմսը, նաեւ հին կերոսինե լամպերը, որոնցով հարուստ կումայրեցիք լուսավորել են իրենց բնակարանները:

Նա ափսոսանքով է խոսում այն մասին, որ պապենական տունը փլվում է: Նորոգել չի կարող , պահպանել` եւս: Ասում է, որ երազանքն է, որ այս բնակարանը թանգարան դառնա:

«Կարող է նաեւ որպես հյուրանոց ծառայել, ճաշարանի հետ, 2 հատ թոնիր կա լավ պահպանված, բայց ոչինչ չեն անում, ոչինչ, հասկանո՞ւմ եք: Ասում են զբոսաշրջություն են զարգացնում, սակայն այստեղ ամեն մի տուն մի փոքրիկ հյուրանոց կլիներ»,-ասել  է 70-ամյա տանտիրուհին, հավելելով, որ գործնականում որեւէ բան չի ակնկալում:

Տիկին Աստղիկը մի քանի օրից կմեկնի Երեւան Քրոջ որդու մոտ բնակվելու: Իսկ նրա բազմասենյականոց բնակարանի դուռը շատերի տների պես կփակվի:

Նշենք, որ Կումայրի արգելոցի կառույցների մեծ մասը ընդգրկված չեն Գյումրիի վթարային կառոււյցների ցանկում: Նրանք համարվում են առանձին միավոր, եւ վերանորոգում կատարելը նշված կառույցներում շատ դեպքերում արգելված է: