Շոտլանդիայի առաջին նախարար Հումզա Յուսաֆը հայտարարել է Շոտլանդիայի ազգային կուսակցության ղեկավարի, հետևաբար նաև՝ առաջին նախարարի պաշտոնը լքելու մասին:
«Շոտլանդիայի ազգային կուսակցության քարտուղարին արդեն տեղեկացրել եմ կուսակցության ղեկավարի պաշտոնից հրաժարվելու մտադրությանս մասին և խնդրել եմ, որ սկսվեն կուսակցության նոր ղեկավարի ընտրության նախապատրաստական աշխատանքները»,- ըստ The Guardian-ի՝ ասել է նա և հավելել, որ կշարունակի պաշտոնավարել մինչև իր իրավահաջորդի ընտրությունը:
Շոտլանդիայում քաղաքական ճգնաժամը սկսվեց անցյալ շաբաթ, երբ Յուսաֆը դուրս եկավ շոտլանդական կանաչների հետ կոալիցիոն համաձայնագրից: Դրանից հետո ընդդիմադիր կուսակցությունները նշանակեցին երկու վստահության քվեարկություն՝ առաջին նախարարին և Շոտլանդիայի կառավարությանը:
Յուսաֆը նախքան այս քվեարկությունները նախընտրեց հայտարարել իր հրաժարականի մասին:





























