ԱՄՆ-ում հարյուրավոր ուսանողներ, որոնք մասնակցել են Պաղեստինին աջակցող ցույցերին, ձերբակալվել են առնվազն 16 նահանգներում։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Ուսանողները շարունակում են բողոքի ցույցերը 20-ից ավելի համալսարանական շենքերում՝ չնայած համալսարանի պաշտոնյաների կողմից նրանց դադարեցման սպառնալիքներին:
«Ասոշիեյթեդ պրես» գործակալության փոխանցմամբ՝ ամերիկյան համալսարանների տարածքում տեղի ունեցող պաղեստինամետ ցույցերի ժամանակ ԱՄՆ ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 900 մարդու։ Ամերիկյան համալսարաններում զանգվածային բողոքի ցույցերը տարբեր բնույթ ունեն՝ սկսած խաղաղ նստացույցից մինչև բախումներ ոստիկանության և իսրայելամետ ակտիվիստների հետ:
ԱՄՆ-ի համալսարաններում ձերբակալությունների ալիքը սկսվեց ապրիլի 18-ին, երբ Կոլումբիայի համալսարանի ռեկտոր Մինուշ Շաֆիկը Նյու Յորքի ոստիկանությանը խնդրեց օգնել ցուցարարներին հեռացնել համալսարանից։ Որոշումը հանգեցրեց ավելի քան 100 ձերբակալության Մանհեթենի համալսարանում և բողոքի նոր ալիքներ առաջացրեց ամբողջ երկրում:
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է, որ համալսարանի պաշտոնյաների կողմից Պաղեստինին աջակցող ուսանողական ցույցերի արձագանքը չափազանց կոշտ էր և մասնակիցներին զրկում էր խաղաղ բողոքի իրավունքից:





























