ԶԼՄ-ների մի քանի աշխատակիցներ տուժել են Թբիլիսիում օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ հանրահավաքը ցրելու ժամանակ։
Տուժածներից մեկը՝ Աջարիայի Հանրային հեռուստատեսության լրագրողն է։ Նախնական տվյալներով՝ նա թունավորվել է արցունքաբեր գազով։ Կոտրել են օպերատորներից մեկի տեսախցիկը։ Տուժած լրագրողներին բուժօգնություն է ցուցաբերվել տեղում։
«Մթավարի արխի» հեռուստաալիքը ցուցադրել է ամենամեծ ընդդիմադիր կուսակցության՝ «Միասնական ազգային շարժման» նախագահ, խորհրդարանի պատգամավոր Լեւան Խաբեիշվիլու լուսանկարը, որտեղ երեւում է, որ կոտրել են նրա քիթը, վնասվել է աջ աչքը, երեւում են նաեւ արյան հետքեր դեմքին։ «Մթավարի արխին» հավաստիացնում է, որ քաղաքական գործչին ծեծել են Թբիլիսիում հանրահավաքը ցրելու ժամանակ։ Ավելի վաղ կուսակցությունը հայտնել էր, որ Խաբեիշվիլին կորել է, եւ նրա հետ մի քանի ժամ չեն կարողացել կապ հաստատել։
Մի քանի հազար մարդիկ երեքշաբթի Թբիլիսիում դուրս էին եկել հերթական հանրահավաքի խորհրդարանի մոտ, օտարերկրյա գործակալների մասին օրինագծի դեմ։ Միաժամանակ, խորհրդարանում պատգամավորները լիագումար նիստում քննարկել են այդ փաստաթուղթը երկրորդ ընթերցմամբ։ Շուտով բողոքի ակցիան վերաճել է բախումների ոստիկանության հետ։ Առողջապահության նախարարության տվյալներով՝ երեք ոստիկան հանրահավաքը ցրելու ժամանակ տուժել է եւ հոսպիտալացվել։




























