Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն չորեքշաբթի գիշեր աշխատել է ZKW Slovakia գործարանում (Սլովակիայի արեւմուտք, Կրուշովցե գյուղ)՝ ի նշան աշխատավորների հետ համերաշխության։ Այս մասին տեղեկացրել է TASR տեղեկատվական գործակալությունը։

«Գլխարկս հանում եմ բոլոր աշխատավորների առջեւ»,- ասել է Ֆիցոն հերթափոխն ավարտելով։ ZKW Slovakia գործարանը, որը մոտ երեք հազար աշխատակից ունի, արտադրում է մեքենաների կոմպլեկտավորողներ, լուսավորության համակարգեր եւ էլեկտրոնիկա։ Վարչապետը կատարել է արտադրանքի հավաքման աշխատանքներ։

Ֆիցոն առաջին անգամ չէ, որ աշխատում է գիշերային հերթափոխի ժամանակ։ Նա ընդգծում է, որ «Սլովակիան մինչ այժմ այն երկիրն է, որը գիշերային աշխատանքի հսկա բաժին ունի»։ Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարում գիշերային հերթափոխի աշխատողների աշխատավարձի բարձրացումը։

Սլովակիան չորեքշաբթի նշում է պետական տոն՝ Աշխատանքի օրը։