ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ՀՕՊ միջոցները մայիսի 2-ի գիշերը Ռուսաստանի տարածքում ոչնչացրել կամ որսացել են ուկրաինական 12 անօդաչուներ։

Հինգ դրոններ ոչնչացվել են Բրյանսկի մարզի տարածքում, երեքը՝ Կրասնոդարի երկրամասի, երկուսը՝ Ռոստովի մարզի, մեկական՝ Կուրսկի եւ Բելգորոդի մարզերի տարածքներում։

Անօդաչուների հարվածի տակ են ընկել երեք մարզեր, որոնց մասին ՌԴ Պն-ն չի հիշատակել։ Սմոլենսկի մարզում, ինչպես հայտնել է նահանգապետ Վասիլի Անոխինը, անօդաչուները փորձել են գրոհել քաղաքացիական էներգետիկական ենթակառուցվածքի օբյեկտ Ռոսլավլի շրջանում, ոչ ոք չի տուժել։

Օրլովի մարզում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, տեղեկացրել է նահանգապետ Անդրեյ Կլիչկովը։ Նրա խոսքով՝ պատահածի արդյունքում մասամբ խախտվել է էներգամատակարարումը։ Տուժածների մասին չի նշվել։

Վորոնեժի մարզում, ինչպես նշել է նահանգապետ Ալեքսանդր Գուսեւը, յոթ ու կես ժամվա ընթացքում գործել է անօդաչուների գրոհի վտանգը։ Գնդակոծության հետեւանքները տեղի իշխանությունները չեն մեկնաբանել։

Կրասնոդարի երկրամասում անօդաչուները խփել են Աֆիպի գյուղին, տեղեկացրել են Shot եւ Astra թելեգրամ-ալիքները։ Տեղի բնակիչները պատմել են, որ երեք պայթյուն են լսել։ Ենթադրվում է, որ դրոնները խփվել են Աֆիպի ՆՎԳ-ին մոտենալիս, որը գտնվում է գյուղից երեք կիլոմետր հեռու։ Կրանսոդարի երկրամասի ղեկավար Վենիամին Կոնդրատեւը մեկնաբանություններ չի կատարել։

Կուրսկի մարզում, Պոնիրի գյուղի մոտ անօդաչուի գրոհից վնասվել են էլեկտրագծերը, բնակչությունը լույս չունի, հայտնել է նահանգապետ Ռոման Ստարովոյտը։

Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը պատմել է, որ մեկ անօդաչու ոչնչացվել է Ստարոդուբյան մունիցիպալ օկրուգում, երկուսը՝ Պոգարսկի շրջանում։ Եվս երկու անօդաչուի խփվելու տեղի մասին չի տեղեկացվում։ Նահանգապետն ավելացրել է, որ տուժածներ եւ ավերածություններ չկան։

Ռոստովի մարզում ՀՕՊ ուժերը խփել են երկու անօդաչու Նովոշախտինսկի եւ Կամենսկ-Շախտինսկի շրջանում, ասել է նահանգապետ Վասիլի Գոլուբեւը։ Նրա խոսքով՝ գրոհի հետեւանքով տուժածներ եւ վնասումներ չկան։

Բելգորոդի մարզի իշխանությունները չեն մեկնաբանել անօդաչուի գրոհի մասին տեղեկությունները։