Մահացել է Ջոշուա Դինը, որն աշխատում էր Boeing-ի մատակարար Spirit AeroSystems ընկերությունում, նա առաջիններից մեկն է պատմել ավիակոնցեռնի կոմպլեկտավորողների արտադրության խնդիրների մասին։

Դինը, գրել է The Seattle Times-ը, ապրում էր Ուիչիտո քաղաքում (Կանզասի նահանգ), որտեղ տեղակայված է Spirit AeroSystems-ը։ Ինչպես նշել է պարբերականը, Դինը 45 տարեկան էր եւ «առողջ ապրելակերպ էր վարում»։ Երկու շաբաթ առաջ, տեղեկացրել է Դինի մորաքույր Քերոլ Փարսոնը, նա դիմել է բժշկի շնչառական խնդիրների պատճառով։

Դինի մոտ ախտորոշվել է թոքաբորբ եւ ծանր բակտերիալ վարակ ոսկեգույն ստաֆիլոկոկի հանդեպ կայուն հակաբիոտիկներով պայմանավորված, ասել է կինը։ Նրան սկզբում բուժում էին Ուիչիտոյի հիվանդանոցում, իսկ հետո Օկլահոմայի կլինիկայում, որտեղ նրան շտապ տեղափոխել էին ուղղաթիռով։ Նրա վիճակը ծանրանում էր, սկսվել են սեպսիս եւ ոսկրախտ, անդամահատել են երկու ձեռքերը եւ ոտքերը։ Երկու շաբաթ անց Դինը մահացել է։

Նա ցուցմունքներ էր տվել Spirit AeroSystems-ի բաժնետերերի հայցի վերաբերյալ։ Նա հայտնել էր, որ 2022թ. կոպիտ խախտումներ է հայտնաբերել Boeing 737 MAX-ի արտադրությունում։ Ընկերության ղեկավարությունը, հավաստիացնում էր Դինը, անտեսել է իր հայտնաբերած խախտումները, իսկ իրեն ազատել աշխատանքից։ Դինն աշխատանքից ազատումը համարել է վրեժ իրենից եւ հայց է ներկայացրել։

Մարտի սկզբին Հարավային Կարոլինայի նահանգում մահացած են գտել Boeing-ի որակի նախկին վերահսկիչ Ջոն Բարնեթին, որը նույնպես բազմիցս քննադատել է ընկերության արտադրական չափորոշիչները։ 62-ամյա Բարնեթի դին հայտնաբերել են հյուրանոցի մոտ, ավտոկայանատեղիում, մեքենայի մեջ։ Չառլստոն օկրուգի ոստիկանության տվյալներով՝ Բարնեթը մահացել էր ինքն իր վրա կրակելու հետեւանքով։ Ոստիկանությունը հետաքննում է նրա մահվան հանգամանքները, որի արդյունքները մայիսի 2-ի դրությամբ հրապարակված չեն։