Բեռնափոխադրումների խափանումները Կարմիր ծովում հավանաբար կտևեն մինչև 2024 թվականի վերջ: Համաշխարհային բեռնափոխադրումների մեկ հինգերորդը կազմող AP Moller-Maersk կորպորացիայի գործադիր տնօրեն Վինսենթ Քլերքի այս նախազգուշացումը հրապարակվել  է Financial Times-ում: «Մենք տեսնում ենք, որ Կարմիր ծովում ստեղծված բարդ իրավիճակը կարճատև չի լինի»,- հայտարարել է պաշտոնյան։

Քլերքը քիչ հավանական է համարում, որ կորպորացիայի բեռնարկղային նավերը մոտ ապագայում Սուեզի ջրանցքով կվերադառնան նախկի երթուղի: Ըստ նրա՝ հնարավոր է՝ տարեվերջին վերսկսվեն բեռնափոխադրումները հին երթուղով։

2023 թվականի վերջից ընկերությունը դադարեցրել է բեռների փոխադրումը Կարմիր ծովով և սկսել նավերը Միջերկրական ծովից դեպի Ասիա ուղղորդել Բարեհուսո  հրվանդանի շուրջ։ Այս տարվա առաջին եռամսյակում՝ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ընկերության եկամուտը նվազել է 13%-ով՝ մինչև 12,4 միլիարդ դոլար։

Վերջին տարվա ընթացքում՝ մինչև ապրիլ, բեռնափոխադրումները Սուեզի ջրանցքով կրճատվել են երկու երրորդով՝ Եմենի «Անսար Ալլահի» շարժման հութի ապստամբների՝ Կարմիր ծովում նավերի վրա հարձակումներից հետո երթուղու փոփոխության պատճառով: Մեկ այլ կարևոր նավային զարկերակի՝ Բաբ էլ-Մանդեբի նեղուցով բեռնափոխադրումները նվազել են 59%-ով։

Հարձակման վտանգի մեծացման պատճառով մի շարք բեռնափոխադրող ընկերությունների, դրանց թվում՝ AP Moller-Maersk-ի կողմից առևտրային նավերի փոխադրումը երկար երթուղով, դրան գումարած Բարեհուսո հրվանդանի շուրջ 20 օրը՝ հանգեցրել է վառելիքի սպառման, ապահովագրական ծախսերի ավելացման և բեռնարկղային նավերի փոխադրումների գների բարձրացման: Ընդսսմին, վերջին մեկ տարվա ընթացքում այս երթուղին օգտագործող նավերի թիվն աճել է 57%-ով։