ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի հարակից տարածքում իրականացվող  շինարարությունը կասեցվել է: Ինստիտուտը  հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ Երևանի քաղաքապետարանի շինթույլտվություն տալու որոշման: Դատարանը բավարարել է հայցը և ապրիլի 15-ից ժամանակավորապես կասեցրել իրականացվող շինարարությունը՝ մինչ դատավարության ավարտը: Այս մասին այսօր՝ մայիսի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ինստիտուտի փոխտնօրեն Ռոբերտ Հակոբյանը:

Նրա խոսքով, ԿԳՄՍ նախարարությունից ինստիտուտն այդպես էլ պատասխան չի ստացել, թեև Ժաննա Անդրեասյանը դեռևս մարտի 21-ին էր խոստացել ծանոթանալ խնդրին և սեղմ ժամկետներում պատասխան տալ: Հասկանալով, որ նախարարությունից պատասխան սպասելն անօգուտ է, ինստիտուտի աշխատակիցները դատարան են դիմել՝ պահանջելով Երևանի քաղաքապետարանից չեղյալ համարել Գրին փրոփերթի դիվելոփմենթ ՓԲԸ-ին տրված շինթույլտվությունը:

Ռոբերտ Հակոբյանի խոսքով, թեև Գրին փրոփերթի դիվելոփմենթ ՓԲԸ-ի տնօրինությունը դժկամությամբ է ընդունել շինարարությունը ժամանակավորապես դադարեցնելու դատարանի որոշումը, և խոստացել ինստիտուտի աշխատանքներից պատասխան ստանալ ու փոխհատուցում՝ կրած վնասների համար, վերջիվերջո դադարեցրել է շինարարությունը: Հիմա Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի գիտաշխատողները աշխատում են առանց խանգարող ցնցումների և աղմուկի՝ սակայն մտավախություն ունեն, որ դա ժամանակավոր է:

«Եթե դատավարությունում ամեն ինչ ճիշտ գնա, մեծ ակնկալիքներ ունենք, սպասում ենք անաչառ դատավարության»,-ասաց Ռոբերտ Հակոբյանը՝ շեշտելով, սակայն, որ մտավախություն ունի՝ շինթույլտվության կասեցումը կարող է ժամանակավոր լինել: Նրա խոսքով, քաղաքապետարանը չի ընդունում այն փաստը, որ քիմիայի ինստիտուտի շենքի կողքին չի կարող բնակելի շենք կառուցվել:

«Վերջերս,  Երևանի քաղաքապետը ավագանու նիստի ժամանակ ասաց, որ պետք է քննարկել անհամատեղելիության հարցը: Այսինքն, շինթույլտվություն տալուց առաջ չէի՞ն հասկանում, որ անհամատեղել են, հիմա են հասկանում: Հիմա շինարարությունն է մեզ խանգարում, վաղը մյուս օրն էլ մենք ենք շենքի բնակիչներին խանգարելու մեր, այսպես ասած, հոտերով: Այդ ժամանակ ինստիտուտը ի՞նչ է լինելու: Անհամատեղելիության մասին խոսքը ոչ մի տեղ չի քննարկվել, ասեմ ավելին՝ որպես շահագրգիռ կողմ, նախքան շինթույլտվության տրամադրումը, մեզ երբեք ոչ մի հանրային լսման չեն հրավիրել՝ ո՛չ Շրջակա միջավայրի նախարությունից, ո՛չ քաղաքապետարանից, ո՛չ քաղաքաշինության կոմիտեից:»,-ասաց փոխտնօրենը:

Ռոբերտ Հակոբյանը նշեց նաև, որ դատարանից առաջիկա նիստի մասին դեռևս ծանուցում չեն ստացել:

Հիշեցնենք, որ ամիսներ շարունակ ԳԱԱ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի աշխատակիցները բողոքում էին, որ ինստիտուտի տարածքում իրականացվող շինարարությունը խանգարում է իրենց աշխատանքին:Բացի այդ, նրանք նշում էին, որ տարածքը, որտեղ շինարարություն է իրականացվում, պատկանում էր ինստիտուտին, և տարիներ առաջ ապօրինաբար է օտարվել:  Աշխատակիցները մի քանի անգամ բողոքի ակցիա էին իրականացրել, դիմել քաղաքապետարան, ԿԳՄՍ նախարարություն: Վերջիններս խոստացել էին սեղմ ժամկետներում պատասխանել, սակայն այդպես էլ աշխատակիցները պատասխան չէին ստացել: