ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները հանդիպել են «Freedom House»-ի միջազգային ծրագրերի ներկայացուցիչներին: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ ԱԺ հասարակության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների ընթացքը, մարդու իրավունքների, մամուլի եւ ինտերնետի ազատության հարցերը:
Արձանագրվել է, որ վերջին տարիներին Հայաստանն էական առաջընթաց է գրանցել ժողովրդավարության ամրապնդման ոլորտում: Քննարկվել են առկա խնդիրները եւ մարտահրավերները, մասնավորապես՝ ժողովրդավարության նկատմամբ իրականացվող հիբրիդային հարձակումները եւ դրանց դիմագրավելու գործիքակազմը:
Ըստ հաղորդագրության, պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու համատեղ աշխատանքը եւ համագործակցել՝ Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ:





























